Կառավարությունն այս պահին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին արձագանք չունի: Այս մասին  NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարութ Բերբերյանը: «Երբ լինի՝ բոլորը կիմանան»,- ավելացրեց Հարութ Բերբերյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսում հնչած հայտարարությանը, կապված «շինարարության փուչիկի» պայթելու հետ:

Մասնավորապես, Քոչարյանը նշել էր, որ «թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար», որ վարչապետը կամ «բանականության դեգրադացիա» է ապրում, կամ «բարոյականության դեգրադացիա»:

Դրանից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին արված քննադատությանը: Նա դրան պատասխանել էր «Ֆեյսբուքի» իր էջում, այնուհետեւ ներկայացրել էր իր վերլուծությունը «շինարարության փուչիկի» մասին: Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հարցազրույցն էր տվել՝ այս անգամ անդրադառնալով վարչապետին, գազային համաձայնագրերին եւ կուտակային բարեփոխմանը: