Մոլդովայի Գագաուզիա ինքնավարի մարզի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցը կքննարկվի հունվարի 17-ին Գագաուզիայի Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել փետրվարի 2-ին, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Vesti.md-ին:

Գագաուզիայի բաշկան Միխայիլ Ֆորմուզալայի տեղակալ Վալերի Յանիոգլոյի խոսքով՝ «Մոլդավայի ղեկավարությունը պետք է ճիշտ որոշի Գագաուզիայի հետ հարաբերություններ հետագա հեռանկարները»:

Հաղորդում են նաեւ, որ Մոլդավայի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ կապված Գագաուզիայի ղեկավարության մտադրության հետ անցկացնել հանրաքվե Մաքսային միություն մուտք գործելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է MOLDNEWS-ը, իր հերթին Մոլդովայի հանրապետության ներքին գործերի նախարարությունը Գագաուզիայի ինքնավար մարզի տարածքում աշխատանքների անցկացման ծրագիր է կազմում: «Դատարանն արգելել է փետրվարի 2-ին հանրաքվե անցկացնել, ու պետք է հարգել օրենքը: Մեր խնդիրն է ապահովել օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Ոստիկանության գլխավոր տեսչության ղեկավար, գնդապետ Իոն Բոդրուգը: