ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունվարի 13-ին, խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ազգային արխիվում`2013թ-ին կատարված աշխատանքներին եւ 2014 թ-ի ծրագրերին ծանոթանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչ խորհրդակցությունը` փոխվարչապետը ծանոթացել է արխիվի երեք մասնաշենքերի, ինչպես նաեւ պահոցների հիմնանորոգման, ջերմամեկուսացման աշխատանքներին, որոնք իրականացվել են «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի» կողմից` Համաշխարհային բանկի էներգախնայողության ծրագրի շրջանակում: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ կատարված աշխատանքների շնորհիվ պահոցներում փաստաթղթերի պահպանման համար առավել անվտանգ պայմաններ են ստեղծվել: Նրա տվյալներով` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ արխիվում առկա է 6.667 արխիվային ֆոնդ` 4.120.837 արխիվային գործով, այդ թվում` 320.585 պ.մ. կինոֆոտոֆոնո փաստաթուղթ:
Տեղեկացվել է, որ 2013թ-ին նույնպես շարունակվել են փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: էլեկտրոնային շտեմարանի ստեղծման համար թվայնացվել է մոտ 120 հազար թերթ փաստաթուղթ, ինչպես նաեւ 1.431 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ (կինոնկար, լուսանկար): Արխիվային պահպանության է ընդունվել 18.831 գործավարական, 14.821` անձնակազմին վերաբերող, 1.896 անձնական ծագում ունեցող գործ եւ 3.179 կինոֆոտո փաստաթղթեր: Պատասխանվել է քաղաքացիներից ստացված 28.620 սոցիալ-իրավական բնույթի հարցման: 2013թ. արխիվն ունեցել է 571 ուսումնասիրող` նախորդ տարվա 524-ի փոխարեն:
Կազմակերպվել է 14 թեմատիկ ցուցահանդես ինչպես արտերկրում, այնպես էլ հանրապետության մարզերում: Լույս են տեսել փաստաթղթերի եւ նյութերի 2 ժողովածու, մեկ հանրագիտարան եւ մեկ համացանկ, այդ թվում` «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի ժողովածուի անգլերեն հրատարակությունը:
Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի պետական արխիվին ծրագրավորված օգնության ցուցաբերումը` պետարխիվը նոր փաստաթղթերով համալրելու ուղղությամբ:
Ա. Վիրաբյաննն առանձին անդրադարձել է նաեւ արխիվային գործում բարեփոխումների իրականացման, այդ թվում` արխիվային ծառայությունների ներդրման հայեցակարգի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախատեսվում է արդիականացնել ենթակառուցվածքները, արխիվը վերազինել ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, այդ նպատակով տարբեր աղբյուրներից 2014-2016թթ. ներդնել մոտ 420 մլն դրամ, անցում կատարել արխիվից օգտվողներին առցանց տեղեկությունների մատուցման գործընթացին, կանոնակարգել էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացումը, պահպանումը եւ օգտագործումը:
Փոխվարչապետը կարեւորել է բարեփոխումների իրականացումը` ընդգծելով, որ արխիվային գործի ոլորտում ժամանակակից նոր տեխնոլոգիաների ու մոտեցումների կիրառումն անհրաժեշտություն է:




























