Հանուն Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտ է վիզային ռեժիմ մտցնել որոշ հարեւան երկրների հետ, որտեղից ներգաղթյալների մեծ հոսք կա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:
«Ես կարծում եմ, որ վիզան անհրաժեշտություն է, քանի որ երկրների սոցիալ-տնտեսական մակարդակները ողջ աշխարհում տարբեր են: Եթե մենք չկարգավորենք միգրացիոն հոսքերը վիզային ռեժիմի միջոցով, ապա չենք կարողանա պաշտպանել մեր երկիրը այդ նույն ազգամիջյան հակամարտություններից»,-«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կոզակը:
Նրա խոսքով՝ վիզային ռեժիմը կմտցվի «տեսանելի ապագայում»: ՌԴ փոխվարչապետը պարզաբանել է, որ դա պետք է նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը հանելու շուրջ, իսկ այդ բանակցություններում պայմաններից մեկը ՌԴ արտաքին սահմանների ամրացումն է, հաղորդում է НТВ-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ներգաղթյալների շուրջ իրավիճակը սուր քննարկումների թեմա է դարձել 2013-ի երկրորդ կեսին՝ Մատվեեւյան շուկայում տեղի ունեցած միջադեպի եւ Բիրյուլեւոյում անկարգություններից հետո:
Ի դեպ, այն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Միջին Ասիայի երկրների համար վիզային ռեժիմ չի մտցվի, որպեսզի «չվանեն» ԽՍՀՄ նախկին հանրապետություններին:





























