Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել ծայրահեղ ծանր վիճակում Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայողի մասին: NEWS.am-ին ՊՆ քննչական ծառայությունից հայտնեցին, որ այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից հունվարի 13-ին, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, ծայրահեղ ծանր վիճակով, Կենտրոնական կլինիկական հոսպիտալ է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:

Նշենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ զինվորը զորամասում դաժան ծեծի է ենթարկվել եւ մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր եւ զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երեւան: