Վիլնյուսյան գագաթաժողովում ընդունված Արեւելյան գործընկերության հռչակագիրը եւ ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարությունը ամրագրում են, որ  ինչպես ՀՀ-ն այնպես էլ ԵՄ շարունակում են հանձնառու լինել համագործակցության ու դրան ուղղված անհրաժեշտ աջակցությունների իրականացմանը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու եւ հետագայում նաեւ Եվրասիական տնտեսական տարածքին ինտեգրվելու քաղաքականությունը, Հայաստանի համար կարեւորվում է երկկողմ հարաբերություններում տարբերակված մոտեցումները: «Այսինքն մենք ակնկալում ենք ՀՀ-ԵՄ ավելի տարբերակված գործընկերություն` քան Արեւելյան Գործընկերության անդամ մյուս երկրների հետ: Դա կարծում եմ արտահայտված է լինելու առավելապես ոլորտային համագործակցությունների զարգացման ու ընդլայնման միջոցով: Մասնավորապես` շարժունակության օրակարգը կարծում եմ կարեւոր առաջնահերթություն է լինելու 2014-2015թթ. ժամանակահատվածի համար` հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները եւ պայմանով, որ ապահովված կլինեն լավ կառավարվող եւ անվտանգ շարժունակության համար բոլոր պահանջները»,-ասել է նա:

Զաքարյանի ներկայցմամբ՝ միգրացիայի եւ շարժունակության գլոբալ մոտեցմանը համապատասխան` երկխոսությունն ու համագործակցությունը ներառելու է անվտանգ եւ լավ կառավարվող միգրացիայի եւ շարժունակության խրախուսումը, ապօրինի միգրացիայի եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն ու կանխարգելումը, զարգացման վրա միգրացիայի ազդեցության ավելացումն ու միջազգային պաշտպանության ամրապնդումը: Համագործակցության առարկա կլինեն կազմակերպված եւ անդրազգային հանցավորության, թմրամիջոցների, կոռուպցիայի եւ կիբերհանցագործության դեմ պայքարին եւ կանխարգելմանն ուղղված, ինչպես նաեւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը:

«Շարունակվելու են արդարադատության եւ ներքին գործերի ոլորտին առնչվող համագործակցության եւ հետագա ամրապնդման խնդիրները, որոնց նպատակն է մարդու իրավունքների ու ազատությունների լիարժեք երաշխավորված իրավաքաղաքական միջավայրի ստեղծումը: Նշեմ, որ տրանսպորտային ոլորտում ավիացիոն խնդիրների շուրջ համագործակցության եւ բանակցությունների մեկնարկի ակնկալիքներ կան նաեւ ԵՄ կողմից: Չեմ բացառում նաեւ էներգետիկ արդյունավետությանն ուղղված ջանքերի հետեւողական ամրապնդման եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման առանցքային կարեւորությունը, այդ թվում նաեւ կանաչ էներգետիկայի տեխնոլոգիաների բնագավառում կարողությունների ստեղծման միջոցով: Արդիական խնդիր է նաեւ միջուկային անվտանգության ոլորտում առավել ընդլայնված համագործակցության հեռանկարները»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Բնականաբար մեզ համար ընդգծված կարեւոր նշանակություն ունի նաեւ մարդկանց միջեւ շփումները հատկապես բարձրագույն կրթության, մշակութային քաղաքականության արդիականացման եւ երիտասարդության ոլորտում, որտեղ ԵՄ աջակցությամբ հնարավոր կլինի ավելացնել բարձրագույն կրթական հաստատությունների եւ ուսանողների մասնակցությունը նոր համաեվրոպական ծրագրին: Առողջապահության քաղաքականության շուրջ երկխոսությունը նույնպես կշարունակվի` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններին եւ առողջապահական անվտանգությանը: Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության համար կարծում եմ ընդգծվելու է սննդի անվտանգության, կենդանիների եւ բույսերի առողջության բնագավառներում համագործակցության եւ այս ոլորտներին տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը շարունակելու կարեւորությունը` հասանելի գործիքների միջոցով: Շարունակվելու են կարեւորվել գիտահետազոտական եւ նորարար գործունեության հետ կապված խնդիրները` որպես սոցիալ-տնտեսական աճի առանցքային շարժիչ: Պետք է ի նկատի ունենալ նաեւ բնապահպանության եւ կլիմայի փոփոխության ոլորտում սերտ համագործակցության ռազմավարական կարեւորությունը եւ անհրաժեշտությունը: Համագործակցության եւ երկխոսության համար լայն ոլորտ է նաեւ տեղեկատվական հասարակության եւ մեդիա քաղաքականության զարգացման վերաբերյալ ծրագրերը:  Եվ բնականաբար մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների շարունակականության եւ դրան գործնական աջակցության նպատակով կարծում եմ կշարունակվեն նաեւ պետական կառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա ամրապնդմանն ուղղված համագործակցությունը»,-ասել է նա: