Չի բացառվում, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, բայց ժամանակը ցույց կտա, թե արդյոք նրա եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ հակամարտությունը այդ վերադարձի սկիզբը կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի ղեկավարել է երկիրը, հետեւաբար ունի որոշակի քաղաքական կշիռ, դրանից բխող հետեւանքներով՝ ֆինանսական եւ մադկային ռեսուրսներ: «Սակայն, թեեւ նա ունի վերադարձի նման լուրջ ռեսուրսներ, միաժամանակ ունի նաեւ շատ լուրջ ընդդիմախոսներ, այդ թվում ՀԱԿ-ը»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝ շատ վերլուծաբաններ նշում են, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն են: «Բայց նույն ՀԱԿ-ը, որն ընդհանրապես չի ուզում լսել Քոչարյանի անունը, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ մտադիր է հանրահավաք անցկացնել հունվարի 18-ին: Այսինքն որեւէ բանի մասին այդպես միանշանակ չի կարելի խոսել»,-կարիք հայտնեց Կարեն Քոչարյանը:

Նրա համոզմամբ՝ փաստացի Ռոբերտ Քոչարյանը եւ Տիգրան Սարգսյանը նույն իշխանությունն են: Լինելով երկրի երկրորդ նախագահը, ըստ քաղտեխնոլոգի, Ռոբերտ Քոչարյանը իրական իշխանությունը հանձնել է մեկ այլ իշխանական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանին: «Իշխանությունը չի փոխվել, ընդդիմությունը չի եկել իշխանության: Հիմա երկրորդ նախագահը քննադատում է իր իշխանության շարունակությանը: Ես կարծում եմ, որ սա նրանց ներքին խնդիրներն են»,-ամփոփեց Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Քոչարյանը վերջերս տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել ներկայիս վարչապետի ու կառավարության գործունեությունը, գազային պայմանագրերն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: