Ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ 37-ամյա Էդգար  Պետրոսյանը մեղադրյալից 1000 դոլար կաշառք է պահանջել գործը կարճելու համար: Կենտրոն եւ Նորք-Մարաշ NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 37-ամյա Էդգար  Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչի պաշտոնում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Հովհաննիսյանի օգտին ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է` նրա նկատմամբ ՀՀ Քր.օր-ի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործով վարույթը կարճելու համար Արթուր Հովհաննիսյանից շորթմամբ, սպառնալով ոտնահարել նրա` օրենքով պաշտպանվող շահերը եւ իրավունքները, պահանջել եւ 2013 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 10.00-ի սահմաններում, ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի իր աշխատասենյակում Արթուր Հովհաննիսյանից ստացել է խոշոր չափերի`403910 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-դ մասի 1, 3-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը կողմերին է ուղարկվել հունվարի 16-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: