Ադրբեջանը վերջին ժամանակներս, բացի Ֆրանսիայի հետ համաձայնագրից, մեծ թվով այլ ռազմավարական համաձայնագրեր է կնքել պաշտպանության ոլորտում, այդ թվում Վրաստանի եւ Թուրքիայի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի մեկուսացումը տնտեսական եւ քաղաքական տեսանկյուններից շարունակվում է եւ հասել է վտանգավոր աստիճանի: «Ցավալի է, բայց այդպիսին է իրականությունը: Առաջիկա տարիների համար Ադրբեջանը միայն նավթային ոլորտում արդեն մոտ 35 մլրդ դոլարի համաձայնագրեր է կնքել: Իսկ Հայաստանի արտաքին ներդրումները միջինը կազմում է տարեկան մոտ 500 մլն դոլար, ինչը 60 տոկոսով ցածրէ 2012 թվականի ցուցանիշից»,-նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանի ներդրումներն ու արտաքին կապերը արագ տեմպեով նվազում են, իսկ տարածաշրջանում Հայաստանից դուրս կապերն ամրապնդվում են:

Նշենք, որ Փարիզում Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության տեխնիկական համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ժամանակ: