Գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
Գյուղապետը պատմեց, որ Մամիկոն Խոջոյանը հոգեկան հիվանդությամբ է տառապում: «Նա դիսպանսերում է գրանցված, հիվանդ է: Կեսօրին գյուղացիները նրան տեսել են՝ դույլը ձեռքին, հարցրել են, թե, Մամիկոն, բա ո՞ւր ես գնում, ասել է, թե խաղողը քաղելու: Բայց այս ձմեռվա կեսին ի՞նչ խաղող: Դե այգիները գյուղից 8 կմ է հեռու, այդպես իջել է եւ պատահաբար սահմանն անցել»,- պատմեց Կամո Չոբանյանը: Նա նաեւ ասաց, թե ինքն էլ է ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացել այդ մասին եւ տեսել համագյուղացու նկարը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախ հայտնել էին, որ հայ դիվերսանտ են բռնել, հետո էլ ստիպված էին հայտարարել, որ 65-ամյա տղամարդու են բռնել՝ սահմանը հատելու փորձ կատարելիս: Ադրբեջանի գերիների, անհետ կորածների եւ պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտնել էր, թե հունվարի 28-ին, ժամը 16-ի սահմաններում Խոջոյանը (ըստ ադրբեջանցիների՝ մոտ 65 տարեկան, իրականում 75 տարեկան) ձերբակալվել է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչների կողմից եւ հանձնվել զինվորականներին: Թովուզի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Մահիր Հասանովը հայտնել է, թե ՀՀ քաղաքացին ձերբակալվել է գետն անցնելու փորձի ժամանակ:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել էր ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելու, իբր ձերբակալվածը հայկական դիվերսիոն խմբի անդամ է: ԱՀ ՊՆ աշխատակիցների աչքին, թերեւս, երեւացել էր նաեւ այն, որ ենթադրյալ դիվերսանտը զինված է:




























