Հայաստանում պետք է ստեղծվի Կառավարությանը կից ռազմական արդյունաբերության պետական կոմիտե: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նրա կարծիքով՝ ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցերը պետք է առանձին կառույց համակարգի: «Մեր երկրի համար դա չափից ավելի կարեւոր է: Նշեմ, որ այդպես են վարվում նաեւ հարեւան երկրները: Թուրքիան ունի լուրջ կառույցներ, որոնք համակարգում են ռազմական արդյունաբերությունը: Ադրբեջանում կա ռազմական արդյունաբերության նախարարություն: ՀԱՊԿ մյուս բոլոր երկրներում այդ հարցերով նույնպես առանձին կառույցներ են զբաղվում: Կարծում եմ, որ նպատակահարմար է նման կառույց ստեղծել նաեւ մեզ մոտ»,-ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ինքն արդեն համապատասխան առաջարկությունն ուղարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Նա նշեց, որ Հայաստանի ռազմական արդյունաբերությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի, որը նաեւ նոր աշխատատեղեր կստեղծի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























