«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա «Մամուլի ազատության ինդեքս 2014»-ը:
Այս տարի Հայաստանը 180 երկրներից զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, այդ կերպ առաջ անցնելով իր հարեւաններից՝ Վրաստան (84-րդ հորիզոնական), Ադրբեջան (160), Թուրքիա (154) ու Իրան (173):
Զեկույցում նշվում է, որ 2013-ին Հայաստանում ու Վրաստանում ընտրություններն ավելի հանգիստ էին, քան նախորդները: Նշվում են լրագրողների հանդեպ բռնության հազվադեպ դեպքեր: Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, ապա Հայաստանի պետական հեռարձակումը առաջընթաց է ապրել, սակայն ընտրական միջավայրն ավելի է սրել մասնավոր լրատվամիջոցների միջեւ տեղեկատվական պատերազմը, որտեղ իշխանություններն ակնհայտ առավելություն ունեն:
Ընդհանուր առմամբ, Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններից Մոլդովան, Հայաստանը, Վրաստանն ու Ղրղըզստաննը առանձնացվել են որպես երկրներ՝ բազմակարծության բարձր մակարդակով ու հարաբերականորեն ցածր գրաքննության մակարդակով:
Առաջին հորիզոնականում է Ֆինլյանդիան, որին հետեւում են Նիդերլանդներն ու Նորվեգիան:




























