Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման աշխատանքները ձգձգվում են: Պատճառը գրաֆիկի խախտումն ու ֆինանսավորման բարձիթողի վիճակն է. նախատեսված 420 միլիոն դոլարից՝ հատկացվել է միայն 34 միլիոնը:

Շինարարական աշխատանքների դանդաղեցումը պայմանավորված է նաեւ Վրաստանի քաղաքական անկայունությամբ: Վրացական հատվածի շինարարության պատասխանատուն հաստատել է գրաֆիկի խափանումը եւ ասել, որ խնդիրը քննարկել են նաեւ Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան երկաթուղու շինարարության համաձայնագիրը կնքել էին 2008թ. փետրվարին Թբիլիսիում, իսկ արդեն նոյեմբերին սկսվել էր շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2011թ.-ի կեսերին: Երկաթուղու կառուցումը թույլ կտա Եվրոպայի հյուսիսից, Ռուսաստանից եւ Ղազախստանից բեռնափոխադրումներ կատարել Ադրբեջանի եւ Վրաստանի միջով դեպի Թուրքիա եւ Միջերկրական ծովի տարածաշրջան:

Նշենք, որ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին հակահայկական նախագիծ է: Վրաստանին տնտեսական առումով շատ ավելի հարմար կլիներ վերաբացել Հայաստանով անցնող երկաթուղին, բայց ադրբեջանական եւ թուրքական կողմերի պահանջով սկսվեց Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարությունը՝ Հայաստանին տարածաշրջանային հերթական նախագծից դուրս թողնելու նպատակով: