Շանհայում ընթացող Էքսպո 2010-ին Հայաստանի տաղավարը կներկայանա որպես Աշխարհի Քաղաքի մոդել, ապագայի նոր բնակելի կառուցվածք, որն իրենից կներկայացնի Աշխարհի քաղաքացու հարմարավետ բնակատեղի։ Այս մասին չինական պետական «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը։
«Մեր պատկերացմամբ, ապագայի քաղաքը քաղաքակրթությունների եւ մշակույթների փոխգործակցության տարածություն է, որտեղ տեղակայված կլինեն աշխարհի ժողովուրդների ազգային թաղամասերը»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով, հայկական տաղավարի ռազմավարությունն այն է, որ Աշխարհի Քաղաք հիմնվի հենց Շանհայում՝ հենց ԷՔՍՊՕ-ի ընթացքում։
Դեսպանը նաեւ հայտնել է, որ ցուցահանդեսի ժամանակ «Ծիրանի այգի» այցելելիս մարդիկ կարող են տեսնել ծիրանի ծառի ծաղկումը, վայելել հայկական դուդուկի մեղեդին եւ նույնիսկ իսկական հայկական ծիրան համտեսել։ Հայկական տաղավարի «Ոսկի եւ մետաքս» ցուցադրանքը պատմում է Հայաստանի եւ Չինաստանի առեւտրային կապերի մասին։



























