Ադրբեջանի իշխող կուսակցությունն առաջարկում է փոփոխել ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը։
Ւնչպես լրագրողներին հայտնել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության քարտուղար Ալի Ահմեդովը, այս դիրքորոշումը հիմնավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները մինչ այժմ չեն կարողացել վճռականություն ցուցաբերել Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ։ «Մենք կարծում ենք, որ եկել է Մինսկի խմբում փոփոխություններ կատարելու ժամանակը։ Թուրքիան կարող է դառնալ ամենակարեւոր թեկնածուն»,- ասել է Ահմեդովը։
Նրա խոսքով, եղբայրական Թուրքիան խնդրով անմիջականորեն հետաքրքրված երկիր է, որը «կարող է խնդիրը լուծել ի օգուտ Ադրբեջանի ոտնահարված իրավունքների վերականգնման»։ «Անկարայի միացումը գործընթացին կարող է մեծապես նպաստել հակամարտության լուծմանը»,- ասել է Ահմեդովը։
Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Յուրի Մերզլյակովը ժամանել են Ադրբեջան։ Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն այս անգամ Ադրբեջան չի ժամանի։
Նշենք, որ համանախագահի պաշտոնում սա Մերզլյակովի վերջին այցն է տարածաշրջան։ Արդեն իսկ հայտնի է ռուս նոր համանախագահի անունը։ АПА-ի տվյալներով, այսօր առավոտյան Յուրի Մերզլյակովի հետ Բաքու է ժամանել նաեւ Իգոր Պոպովը։
Մինչեւ Ադրբեջան մեկնելը՝ մարտի 26-ից 29-ը համանախագահները եղել էին Երեւանում եւ ԼՂՀ-ում։




























