Կառուցվում է Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 114 կմ-ի վրա սողանքի պատճառով քանդված հատվածը շրջանցող ժամանակավոր ճանապարհ: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են «Ամարասշին» ընկերության կողմից` եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ, կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, ժամանակավոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ իրականացվել են նաեւ հիմնական` նոր ճանապարհի կառուցման նախագծային աշխատանքները, որոնց արդյունքում առաջարկվել է 4 տարբերակ: Դրանցից մեկի ընտրությունից հետո կսկսվեն հիմնական ճանապարհի կառուցման աշխատանքները եւ կավարտվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում:

Ինչ վերաբերում է Երեւան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի 34-րդ կմ-ի վրա գարնանային վարարումների պատճառով փլուզված հատվածին, ապա քանդված ճանապարհահատվածի երկայնքով Դեբեդ գետի ափամերձ տարածքում պաշտպանիչ աշխատանքներ են իրականացվել, եւ ճանապարհը դարձել է անցանելի` մեկ մեքենայի համար: Գետի վարարումը դադարելուց հետո կսկսվեն նաեւ այդ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:

Բացի վերոնշյալ խնդրահարույց ճանապարհահատվածներից, հանրապետության միջպետական ճանապարհներին առկա են նաեւ 4 խոշոր վթարներ, այդ թվում` Գորիսի ճանապարհի 2 հատվածներում, Գյումրի-Ամասիա, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում: