Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ այլ պաշտոնյաների, որում հայտնել է, որ 2010 թ. ապրիլի 6-8-ը մարդիկ հավաքվել էին Երեւան քաղաքի տարբեր մասերում` զանգվածաբար եւ բացահայտ քննադատելու ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները եւ պահանջելու անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Բողոքի ցույցերն անցկացվել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կողմից Երեւանում կազմակերպված " Արդարություն- նոր մարտահրավերներ " 37-րդ համաժողովի ժամանակ: Միջազգային եւ տեղացի իրավապաշտպանները եւ շատ այլ անձիք համաժողովի ընթացքում Երեւանի փողոցներում իրենց կարծիքներն էին հայտնում մարդու իրավունքների շարունակվող խախտումների վերաբերյալ: Որոշ ակտիվիստներ նաեւ իրենց կարծիքներն էին հայտնում, երբ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները իրենց խոսքն էին արտահայտում:
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը ողջունել է այն փաստը, որ մարդիկ կարողացել են խաղաղ եւ ազատ կերպով արտահայտել իրենց տեսակետները մարդու իրավունքների շարունակվող խախտումների վերաբերյալ: Այնուամենայնիվ, ՄԻՄՖ-ի համաժողովի որոշ մասնակիցներ դարձել են իրավապահ մարմինների կողմից ահաբեկումների թիրախ: Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը կոչ է արել անհապաղ դադարեցնել այդ գործողությունները եւ հույս հայտնել, որ այդ գործընթացներին մասնակցած անձիք համաժողովի ավարտից հետո չեն ենթարկվի հետապնդման եւ ճնշումների:
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները նշել են, որ կշարունակեն հետեւել եւ դիտարկել հետագա զարգացումները Հայաստանում:




























