«Հայռուսգազարդը» իր ուսերին կրում է Հայաստանի խոշորագույն ընկերության, հարկատուի եւ ներդրողի հաճելի, բայց եւ ծանր բեռը, Երեւանում կայացած Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի եւ ֆինանսերի հանձնաժողովի հերթական նիստի բացմանը հայտարարել է «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյանը:
«Ելնելով ընկերության հենց այդ դիրքից, մենք չափազանց հետաքրքրված ենք մրցակցային առավելությունների պահպանման, զարգացման բարձր տեմպերի եւ աճի նոր հեռանկարների բացման մեջ: Ուզում եմ նշել, որ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական բացասական միտումների պայմաններում, մեր ընկերությունը հերթական անգամ բարձր հուսալիություն, կայունություն եւ զարգացման ունակություն ցուցադրեց»,- հավաստիացրել է Կարապետյանը:
Իր հերթին «Հայռուսգազարդի» փոխտնօրեն Վահագն Առաքելյանը նկատել է, որ ճգնաժամի պատճառով 2009թ. նվազել էր հայկական տնտեսության աճի տեմպը: Ըստ նրա, ճգնաժամն առանձնահատուկ բացասաբար է անդրադարձել խոշոր արդյունաբերողների, հետեւաբար նաեւ էներգետիկայի վրա: Նա հայտնել է, որ 2009թ. գազի իրացման ծավալները կրճատվել են 20,3 տոկոսով, ինչն անդրադարձել է «Հայռուսգազարդի» եկամտի եւ շահույթի վրա:
Նշենք, որ պատվիրակներից մեկը՝ Սլովենիայի ներկայացուցիչը, խոստովանել է, որ գործադրել է անասելի ջանքեր եւ անցել հազարավոր մղոններ՝ հասնելու Երեւան եւ մասնակցելու նիստին: Պատճառը Եվրոպայի անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ հրաբխի ժայթքման հետեւանքով: Գործարարը Զագրեբից հասել է Բելգրադ, Սոֆիա, Սոֆիայից Ստամբուլ, ապա Ուֆա, որտեղից էլ հասել է Երեւան, եւ չի փոշմանել իր երկար ճանապարհորդության համար:




























