«Օրինաց երկիր» կուսակցությունը այլ իշխանական կուսակցությունների, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հետ միավորվելու խնդիրներ չի քննարկում: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին կայացած ասուլիսում ասել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Հիշեցնենք, որ վերջերս շատ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ նման կանխատեսումներ են արել: Այդ խոսակցություններն ավելի արդիական դարձան, երբ ՕԵԿ-ի հին անդամ-նախարարները փոխարինվեցին նոր մարդկանցով, որոնք ՕԵԿ անդամ մինչ այդ չէին եղել:
Մհեր Շահգելդյանը տեղեկացրել է նաեւ, որ մոտ ապագայում իրենք մտադիր են հրապարակել կուսակցության տնտեսական մոտեցումները: «Մոտակա ժամանակներս մենք ձեզ պաշտոնապես կներկայացնենք ՕԵԿ մոտեցումները տնտեսական, սոցիալ-տնտեսական դաշտում: Այսօր կան իհարկե եւ դրական միտումներ տնտեսության մեջ, եւ մտահոգիչ խնդիրներ: Սակայն մոտակա ժամանակներս արդեն ամբողջությամբ կներկայացնենք ձեր ուշադրությանը»,- ասել է նա:
Իսկ հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում Հայաստան-Ադրբեջան-Իրան ձեւաչափով ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Իրանի առաջարկին, ՕԵԿ փոխնախագահը պատասխանել է. "Այսօր գործում է Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը: Այս ձեւաչափը աշխատում է, եւ այն գործնական ձեւաչափ է: Ցանկացած երկրի, այդ թվում նաեւ հարեւանների կողմից այդպիսի ցանկություններ արտահայտվում են եւ կարտահայտվեն, դա դրական են գնահատվում, սակայն միաժամանակ այսօր գործող ձեւաչափ կա: Մնացածի շուրջ արդեն կարելի է խոսել, եթե լինի պաշտոնական հայտարարություն:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, ըստ որի՝ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին առաջարկել է նման եռակողմ հանդիպում կազմակերպել:




























