Աշխարհի ամենախոշոր՝ ԱՆ-225 օդանավը, որը դեռ երեկ պետք է Հայաստան հասցներ Երեւանի ՋԷԿ-ի համար նախատեսված գեներատորը, դեռեւս չի ժամանել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ չվերթը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 10-ը, եւ հավանաբար էլի կհետաձգվի։ Բանն այն է, որ օդանավը հնամաշ է, եւ յուրաքանչյուր թռիչքից հետո պետք է վերանորոգվի։

Հիշեցնենք, որ օդանավը պետք է գերմանական Ֆրանկֆուրտից հարավ գտնվող Հան քաղաքից 190 տոննայանոց մի գեներատոր տեղափոխեր Երեւան։ Սա ամենածանր առարկան է, որ երբեւէ Հայաստան է բերվում օդային ճանապարհով։ Օդանավը Հանից պետք է թռչեր կիրակի օրը։

ՀՀ էներգետիկայի նախարարությունից հայտնեցին, որ գեներատորը Հայաստան է բերվում Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման աշխատանքների շրջանակներում՝ շնորհիվ Ճապոնիայի կառավարության տրամադրած վարկի։

Հայաստանի կառավարության եւ ճապոնական միջազգային համագործակցության բանկի միջեւ 2009 թ-ի մարտի 29-ին համաձայնագիր ստորագրվեց, որով հայկական կողմին է հատկացվում շուրջ 16 միլիարդ իենի վարկ՝ տարեկան 0,75 տոկոսադրույքով եւ 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ պայմաններով։ Վերակառուցված Երեւանի ՋԷԿ-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2010 թվականի ապրիլի 30-ը։

Երեւանի ՋԷԿ-ը շահագործվում է 1961 թվականից, մինչդեռ, եվրոպական չափանիշներով, ՋԷԿ-երը պետք է շահագործվեն 25-30 տարի։ Բացի այդ 60-ականներից աշխատող ՋԷԿ-ի տեխնիկա-տնտեսական ցուցանիշները եւս, մեղմ ասած, անբավարար են։ Այստեղ 1 Կվտ/ժ էլեկտրաէներգիայի ստացման համար ծախսվում է 372 գրամ գազ, ինչի հետեւանքով արտադրված էլ. Էներգիայի ինքնարժեքը 16,8 դրամ է, ինչը տնտեսապես շահավետ չէ։

Վերակառուցումից հետո արտադրված էլ. Էներգիայի ինքնարժեքը կկազմի ընդամենը 7-8 դրամ, եւ միայն վառելիքի մեջ Հայաստանը տարեկան կխնայի 19,4 միլիարդ դոլար։ Բացի այդ, 2,5 անգամ կնվազեն վնասակար արտանետումները, ինչպես նաեւ կբարձրանա ՋԷԿ-ի սեյսմակայունության մակարդակը։