«Մենք ունենք բժշկական եւ սանիտարական բոլոր անհրաժեշտ հավաստագրերը, որոնք վկայում են, որ մեր ապրանքատեսակները համապատասխանում են ընդունված բոլոր չափանիշներին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Nestle-ի հայաստանյան ներկայացուցչության՝ «Նյու Ֆորս» ՍՊԸ փոխտնօրեն Կարեն Հայրապետյանը՝ մեկնաբանելով այն լուրը, որ Ռուսաստանի սպառողների շահերի պաշտպանության դաշնային ծառայությունն արգելել է Nestle-ի արտադրատեսակների մուտքն այդ երկիր։
Նշելով, որ ինքն առհասարակ տեղյակ չէ ռուսական շուկայում Nestle-ի ունեցած խնդիրներին՝ «Նյու Ֆորս»-ի փոխտնօրենը միեւնույն ժամանակ ավելացրեց, որ իրենք վախենալու կամ որեւէ բան ճշտելու կարիք չունեն. «100 տոկոսով վստահ ենք, որ մեր ապրանքատեսակները որակյալ են» ,- համոզմունք հայտնեց Կարեն Հայրապետյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանում Nestle-ի արտադրատեսակների հետ կապված խնդիրներ դեռեւս չկան. «Գուցե Ռուսաստանում այդ ապրանքանիշի որոշ խմբաքանակ ստուգման է ենթարկվել, եւ պարզվել է, որ այն չի համապատասխանում որակի ստանդարտներին։ Մեզ մոտ այսօրվա դրությամբ նման խնդիր չկա»,- տեղեկացրեց նա։
Նշենք, որ Ռուսաստանի սպառողների շահերի պաշտպանության դաշնային ծառայությունն արգելել է Nestle-ի արտադրատեսակների մուտքը ՌԴ՝ պատճառաբանելով, որ դրանց արտադրության ժամանակ տեխնոլոգիական թերություններ են թույլ տրվել։




























