Ապրիլի 21-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղու զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Մասնավորապես՝ անդրադարձ է եղել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրին, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաեւ երկաթգծի կանոնադրությանը վերաբերող օրենսդրական կարգավորման խնդրին:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առկա խնդիրներին մանրամասն ծանոթանալու նպատակով հաջորդ շաբաթ նախարար Մ. Վարդանյանը կայցելի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերություն:




























