«Ամերիաբանկը» շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ նորարարությամբ: Առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն է ընձեռվում դուրս գալ միջազգային շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու, Դոու-Ջոնսի ինդեքսի և այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի և դեռ ավելին` ստանալ ներդրված ավանդի դիմաց ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, շուկայի ցանկացած փոփոխության դեպքում:

Նշված հնարավորություններն ընձեռում է նոր «Կառուցվածքային» ավանդը, որի նվազագույն գումարը կազմում է 40 հազար դոլար:

«Կառուցվածքային» ավանդից ստացվող եկամուտը բաղկացած է երկու մասից. առաջին մասն իրենից ներկայացնում է հիմնական եկամուտը, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից` ֆիքսված տոկոսադրույքով, իսկ երկրորդ մասն իրենից ներկայացնում է հավելյալ եկամուտ, որը ձևավորվում է միջազգային շուկաներում` բազային ակտիվների գնի փոփոխությունից: Որպես ակտիվներ դիտարկվում են նավթը, ոսկին, Դոու-Ջոնսի ինդեքսը և այլն: Հավելյալ եկամուտը կազմում է ակտիվի գների նախանշված փոփոխության հաշվին ձևավորված եկամտի որոշակի մասը և որոշվում է ներդրման պահին մասնակցության գործակցի սահմանման միջոցով, որը սահմանում է բանկը` օրական կտրվածքով: Այս գործակցի սահմանումը բանկին թույլ է տալիս կառավարել իր ռիսկերը` կապված «Կառուցվածքային» ավանդի ներգրավման հետ:

Ակտիվի ֆիքսված տոկոսադրույքը կազմում է 1-5 %, և այն ընտրում է հաճախորդը, որից ելնելով՝ Բանկը սահմանում է տվյալ ակտիվի մեջ նրա մասնակցության գործակիցը:

«Կառուցվածքային» ավանդը հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ նույնիսկ ակտիվի գնի անսպասելի փոփոխությունների ժամանակ, որը տվյալ դեպքում հավասար կլինի կառուցվածքային ավանդի հիմնական եկամտին:

Բանկն առաջարկում է երկու տիպի կառուցվածքային ավանդ` աճի և նվազման: Աճի ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի աճից ստացված եկամուտը գերազանցում է հիմնական եկամտին, որը հաշվարկվում է ֆիքսված տոկոսադրույքով, իսկ նվազման ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի նվազումից ստացվող եկամուտ բացասական է: Երկու դեպքում էլ «Ամերիաբանկն» ապահովում է հիմնական եկամտի ստացմանը զուգահեռ նաև հավելյալ եկամտի ստացումը` համաձայն ավանդի ներգրավման պայմանագրում ամրագրված պարտավորության: