ՀՀ կառավարությունն այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում արտագնա նիստ է գումարել՝ որոշելու ռուսական կեսմիլիարդանոց վարկի ճակատագիրը: Կառավարությունը հաստատել է Ռուսաստանի տրամադրած պետական վարկի միաջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել ՀՆԱ-ի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով:
Ծրագրի գումարն է 90 մլրդ դրամ (250 միլիոն դոլար), ֆինանսավորման ձեւը` բյուջետային վարկեր, որոնք տրվում են ըստ հետեւյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ: «Հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ վարկի օգտագործմանը, եւ այժմ մենք կարող ենք տեղեկացնել, որ եւս 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, նույնքան` աղետի գոտուն, բայց եկող տարվա համար: Մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:



















