Եթե Ադրբեջանում հիպոթեկային վարկավորումը ընդլայնվի այնպիսի արագ տեմպերով, ինչպես հիմա է, ապա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին այն կարող է ընդհանրապես կանգ առնել ։ Այս մասին օսոստոսի 4-ին ադրբեջանական «Էխո» հրատարակությանն է հայտնել այդ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը։

Ըստ նրա, երկու ամսվա կտրվածքով բնակչությանը տրամադրված հիպոթեկային վարկերի ընդհանուր գումարը հասել է 17 մլն. մանաթի. հունիսին բնակչությանը տրամադրված հիպոթեկի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն. մանաթ, իսկ հուլիսին այդ ցուցանիշը հասել է արդեն 16 մլն-ի։ Ընդ որում վարկերի ընդհանուր ծավալը, ստացված դիմումների համաձայն, կազմել է ավելի քան 51 մլն. մանաթ։ Դիմումների շարքում մոտ 5 մլն. մանաթը կազմում են այն քաղաքացիների դիմումները, որոնք ցանկանում են ստանալ հիպոթեկային արտոնյալ վարկեր։ Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում դիմած ավելի քան 400 քաղաքացիներ հիպոթեկային վարկերից օգտվելու հնարավորություն են ստացել։

«Պարզ լեզվով ասած, չնայած բնակչության կողմից հիպոթեկ ստանալու դրական կողմերին, անհրաժեշտ է ուշադրության առնել այն, որ նման բարձր արագությունը մոտավորապես երկու ամիս հետո լիովին կկանգնեցնի հիպոթեկային վարկավորումը»,- նշել է Բայրամովը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի հիպոթեկային հիմնադրամը (ԱՀՀ) այս տարի նախատեսել էր վարկավորմանն ուղղել մոտ 55 մլն. մանաթ։

Ըստ Բայրամովի, անհրաժեշտ է հաշվի առնել և այն, որ հիմնադրամի այսպես կոչված «սահմանափակ» միջոցները ծախսվել են այդքան կարճ ժամանակահատվածում։ Հենց այդ գործոնն է, ինչպես կարծում է նախագահը, որոշ զգուշավորության տեղիք տալիս։