Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողովներ եւ շարժական ցուցահանդեսներ։ Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նրա խոսքով, կազմակերպված մի շարք գիտաժողովներին իրենց մասնակցությունն են բերել միջազգային հեղինակություն վայելող ցեղասպանագետներ. «Գիտաժողովների շրջանակներում մենք արդեն իսկ բացել ենք „Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին“ խորագրով ցուցահանդեսը. նախատեսվում է նաեւ արտասահմանցի ուսանողների համար հատուկ կրթաթոշակ սահմանելու եւ մեկ ամսով նրանց հյուրընկալելու ծրագիր, որի ընթացքում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կօգնի նրանց մասնագիտական կայացմանը եւ Հայոց ցեղասպանության մասին նյութերի ուսումնասիրությանը»,- նշեց Դեմոյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Ցեղասպանության 95-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումներին զուգահեռ՝ թանգարան-ինստիտուտը արդեն իսկ 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների նախնական ծրագրեր է մշակում։ «Այս կերպ մենք փորձում ենք ավելի վաղ արձագանքել այդ կարեւոր տարելիցին առնչվող նյութերին։ Ընդ որում, 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները որակական առումով պետք է տարբերվեն բոլոր նախորդներից, չկրկնեն նրանց. նպատակը որեւէ մնայուն արժեք թողնելն է»,- ընդգծեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ ավելացնելով, որ վերոնշյալ միջոցառումների շրջանակներում արդեն հաջորդ տարի նախատեսվում է կազմակերպել «Ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքները» խորագրով հատուկ գիտաժողով եւ նյութերի շարժական ցուցադրություն, որոնք կներկայացվեն նաեւ Օսլոյում եւ Կոպենհագենում։

Անդրադառնալով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից ձեռք բերված բացառիկ նմուշներին՝ Դեմոյանը նշեց, որ իրենք համեստորեն լռում են անհատների եւ հայ համայնքների կողմից իրենց նվիրաբերված նյութերի մասին. «Տարբեր համայնքների եւ անհատների կողմից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին մեծ աջակցություն է ցուցաբերվում՝ գրականություն, թվայնացված նյութեր եւ այլն»,- տեղեկացրեց նա՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ եզակի նմուշներ արտասահմանյան ամենատարբեր աճուրդներից բավական մեծ գումարներով ձեռք է բերում նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ «Մենք նոր ցուցանմուշներ ունենք ԱՄՆ-ից, Անգլիայից եւ Նոր Զելանդիայից»,- ամփոփեց նա։