Հատուկ անուններ հնչեցնել պետք չէ հերոսանալու համար։ Այդ մասին այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ի պատասխան «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հնչեցրած կարծիքի։

«Հերոսանալու համար, հարգելի գործընկերներ, արհեստական ջանքեր պետք չէ գործադրել»,- ասաց Ս. Ֆարմանյանը։

Այդ համատեքստում պատգամավորը հիշեցրեց Կենտրոնական Աֆրիկայում բնակվող ցեղախմբերից մեկի՝ զուլուսների մի ավանդույթ։ «Երբ հորդառատ անձրեւ է տեղում, ինչը հազվադեպ երեւույթ է Աֆրիկայում, իսկ զուլուսների կրոնական պատկերացմամբ, բնությունը բարի եւ չար ուժերի պայքարի է նմանվում, անձրեւն ընկալվում է, որպես չար ուժերի կազմակերպած երեւույթ։ Ամեն անգամ, երբ հորդ անձրեւ է տեղում, զուլուսների ցեղախմբի առաջնորդները հավաքվում են եւ իրենց ցեղախմբի առաջին դեմքին՝ Չակային, հատուկ ծիսակարգով հագուստներ են հագցնում, գլուխը սափրում են, զինում են եւ բոլորով ճանապարհում են անորոշ ուղղությամբ, իբրեւ թե, զուլուսների ցեղախմբի առաջնորդը  գնում է, որպեսզի նա միայնակ հերոսաբար պայքարի չար ուժերի դեմ, որպեսզի հորդ անձրեւը դադարի։ Հետաքրքիր է այն ծիսակարգը, որ ցեղախմբի մյուս անդամները եւս բեմականացնում են՝ իբրեւ թե իրենք էլ են ցանկանում առաջնորդի հետ գնալ կռվելու չար ուժերի դեմ, որ առաջնորդը միայնակ չմնա։ Բայց առաջնորդը, իհարկե, մենակ է գնում, եւ իրականում, գնում է մի տեղ, որտեղ սպասում է անձրեւի ավարտին, ինչից հետո թռչված, մերկ եւ տանջված վերադառնում է ցեղախմբի մոտ, որը նրան դիմավորում է որպես հերոսի, ով միայնակ գնաց եւ հաղթեց չար ուժերին եւ վերադարձավ։

Ցեղախմբի բոլոր անդամները, այդ թվում նաեւ Չական, գիտեին, որ դա ընդամենը ծիսակարգ է, եւ առաջնորդի կռիվը չար ուժերի դեմ չէ, որ հանգեցնում է հորդ անձրեւների դադարեցմանը, պարզապես սա շատ լավ առիթ էր, որպեսզի ցեղախմբի առաջնորդը ապացուցեր իր լեգիտիմությունը, հեղինակությունը եւ առաջնորդությունը ցեղախմբի ներսում»,- պատմեց պատգամավորը։