CBS News հեռուստաալիքը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնել է, որ նախօրեին Իրանի կողմից Հորդանանի Մուաֆֆակ Սալթի ավիաբազայի վրա հասցված հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ։

Նրանց խոսքով՝ ավիաբազայում գտնվող մոտ ութ F-15 կործանիչներ ստացել են աննշան վնասվածքներ և վերադարձվել են շահագործման։ A-10 Thunderbolt գրոհիչներից մեկը ոչնչացվել է՝ կորցնելով թևը։

Աղբյուրները չեն հայտնում Հորդանանի վրա իրանական հարվածների հետևանքով ամերիկացիների զոհվելու մասին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարված է հասցրել ավիաբազային այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ոչնչացրել է իրանական հինգ տանկեր՝ ի պատասխան իրանական ուժերի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակվելու փորձի։ Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտնել է ութ տանկերի, երկու ռազմական նավերի, ինչպես նաև Հորդանանի ավիաբազայի վրա հարվածներ հասցնելու մասին։

CBS News-ի տվյալներով՝ նախօրեին Հորդանանում ամերիկյան զորքերը արձակել են Patriot տեսակի ավելի քան 30 զենիթահրթիռ՝ Հորդանանի տարածքի վրա իրանական հարվածներից պաշտպանվելու համար։