Այսօր՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանի նիստին ներկա պատգամավորների 87%-ը ընդունեց Պավել Կովալի զեկույցը Եվրամիության հետ հարաբերություններում Արեւելյան գործընկերության երկրների առաջնահերթությունների գնահատման եւ կարգավորման վերաբերյալ: Եվրախորհրդարանը (ԵԽ) կոչ է անում ԵՄ-ին անհապաղ իրականացնել Հայաստանի վրա դրական ազդեցություն ունեցող քաղաքականությունները, օրինակ ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ոլորտներում:

«Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ ԵՄ ընդլայնման հաջորդական ծրագրերը Հայաստանին ավելի են մոտեցրել ԵՄ-ին: Սա նշանակում է, որ երկրի անվտանգությունը, կայունությունը եւ բարեկեցությունը փոխադարձ ազդեցություն են թողնում Հայաստան-ԵՄ համագործակցության վրա: Ուստի, Հայաստանին եւ ԱլԳ մնացած երկրներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը չափազանց կարեւոր է», - մեկնաբանում է Էդուարդո Լորենցո Օչոան՝ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության տնօրենը:

Ըստ Եվրախորհրդի, Արեւելյան գործընկերությունը բավարար խթան չի ցուցաբերել բարեփոխումներ եւ փոփոխություններ կատարելու համար: Այս պատճառով երկրները եվրոպական առավել հստակ հեռանկարի կարիք կունենան, ի թիվս ԵՄ-ի հետ սերտ հաղորդակցության ռազմավարության եւ ԱլԳ անդամ երկրներին ԵՄ Պատվիրակությունների աջակցության:

Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ԵՄ-ն կոչ է անում փոխնախագահին/գերագույն հանձնակատարին եւ Արտաքին գործերի եվրոպական ծառայությանը (ԱԳԵԾ) մշակել վստահության ձեւավորման ծրագրեր: Նիստերի այս շրջանում Եվրախորհրդարանն արդեն երկրորդ անգամ է քվեարկում «նորարարական միջոցների եւ մոտեցումների մշակման, այդ թվում հանրային կապերի ռազմավարությունների, պրագմատիկ նախաձեռնությունների, ոչ պաշտոնական կապերի եւ խորհրդատվությունների շուրջ քննարկումներ ծավալելու օգտին՝ տարածաշրջաններում քաղաքացիական մշակույթ ձեւավորելու եւ հասարակության միջեւ երկխոսություն խրախուսելու նպատակով»:

Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում Եվրահանձնաժողովին դիտարկել առեւտրային հետագա խոչընդոտները կանխելու հավանականությունը նույնիսկ նախքան ԽՀԱԱՀ-երը ստորագրելն ու իրականացնելը: Անցյալ հինգշաթբի Եվրախորհրդի նախագահը հայտարարեց, որ Ուկրաինան հնարավորություն ունի առաջին հերթին ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական, այնուհետեւ առեւտրային մասը:

«Հարկավոր է լրջորեն հաշվի առնել այս երկու նոր գործոնները ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հիմքերը եւ բովանդակությունը դիտարկելիս», - ընդգծում է ՀԵԲ-ի տնօրենը եւ հայտնում իր գոհունակությունը՝ նկատելով ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ ՀԵԲ հետազոտության անդրադարձը ԵՄ-ի զեկույցում: