Նորվեգական Արկտիկայի ոչխարների արոտավայրում հայտնաբերվել է կենդանու ամենահին հայտնի եռաչափ բրածոներից մեկը։ Մոտ 560 միլիոն տարվա վաղեմություն ունեցող այս գտածոն դարձել է Charnia բրածո օրգանիզմի առաջին հաստատված հայտնաբերումը Սկանդինավիայում և վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Եվրոպայում նման բրածոների առաջին նոր խոշոր հանքավայրերից մեկը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Palaeontology ամսագրում։
Charnia-ն ապրել է էդիակարական ժամանակաշրջանում, երբ Երկրի վրա նոր-նոր էին հայտնվում կյանքի բարդ ձևերը։ Արտաքուստ այս արարածն ավելի շատ պտերի էր նման, քան կենդանու՝ ժամանակակից ընկալմամբ։ Այն չուներ բերան և ներքին օրգաններ, ինչպես նաև շարժման համար որևէ նկատելի հարմարեցումներ։ Գիտնականները այն համեմատում են անշարժ մեդուզայի հետ՝ մի յուրատեսակ «ժելեով լցված պարկի»։

Էդիակարական ժամանակաշրջանի բրածոների մեծ մասը պահպանվել է միայն փափուկ մարմինների հարթ դրոշմների տեսքով՝ ասես գրքի էջերի միջև սեղմված ծաղիկ լիներ։ Սակայն նորվեգական Charnia-ն պահպանվել է եռաչափ ձևով, ինչը չափազանց հազվադեպ է այդքան հին, փափկամարմին օրգանիզմների համար։
Հետազոտողները ենթադրում են, որ օրգանիզմը թաղվել է հնագույն ստորջրյա սողանքի ժամանակ։ Նստվածքը արագ լցրել է նրա մարմինը, ինչի շնորհիվ կենդանու ձևը պահպանվել է ծավալային տեսքով։

Հենց այս անսովոր պահպանվածությունն է գիտնականներին թույլ տվել նկատել մանրամասներ, որոնք նախկինում հնարավոր չէր տեսնել հարթ դրոշմների վրա։ Charnia-ի ճյուղերի երկայնքով հայտնաբերվել են բարակ սանրաձև ելուստներ, կամ «կիլեր», որոնք մինչ այժմ չէին հայտնաբերվել այս տեսակի մյուս ներկայացուցիչների մոտ։
«Երբ նույն տեսակը պահպանվում է այլ եղանակով, սկսում եք նկատել հատկանիշներ, որոնք նախկինում չէիք տեսել», — պատմել է հետազոտության գլխավոր հեղինակ Քեմբրիջի համալսարանից Յորիկ Վենման։
Գտածոն նաև վկայում է այն մասին, որ առաջին կենդանիները կարող էին շատ ավելի լայն տարածում ունենալ, քան նախկինում էր համարվում։ Մինչ այժմ էդիակարական բրածոների մեծ մասը հայտնաբերվել էր աշխարհի միայն մի քանի լավ ուսումնասիրված շրջաններում։
Նորվեգական հանքավայրը հատկապես անսովոր է եղել։ Ավելի վաղ այս շրջանում հայտնաբերվել էին այն օրգանիզմների հետքեր, որոնք ամրանում էին հնագույն ծովի հատակին, սակայն կենդանիներին գտնել չէր հաջողվում։ Ամեն ինչ փոխվել է պատահականության շնորհիվ. մի քանի քարեր պոկվել են ժայռից, ճեղքվել և բացել ներսում թաքնված Charnia-ի բրածոն։ Հետագայում հետազոտողները այստեղ հայտնաբերել են բրածո մնացորդների մի ամբողջ շերտ։
Գիտնականները ենթադրում են, որ ապարներում կարող են պահպանված լինել նաև հնագույն էկոհամակարգի այլ ներկայացուցիչներ։ Բացի հրաշալիորեն պահպանված Charnia-ից, հետազոտողները արդեն հայտնաբերել են այդ համայնքի մի քանի այլ տարրեր։
Գիտնականների խոսքով՝ այս գտածոն ցույց է տալիս, որ նույնիսկ քիչ ուսումնասիրված վայրերում կարող են պահպանված լինել Երկրի վրա կյանքի վաղ պատմության կարևորագույն վկայությունները, և դրանց հայտնաբերման համար երբեմն բավական է բառացիորեն պատահաբար ճեղքված մի քար։

























