Հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան Իսպանիայի Լա Ռիոխա նահանգում բարի շենք է փլուզվել, ինչի արդյունքում 11 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում է «Reuters»-ը։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 5:25-ի սահմաններում՝ Սան Վիսենտե դե լա Սոնսիերա քաղաքում։ Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ փլուզման պահին շենքում 25-ից 30 մարդ է եղել, որոնք մնացել են փլատակների տակ։

Ականատեսները պատմում են, որ նախ փլվել է տարածքի հատակը, ապա՝ առաստաղը։ Տեղ հասած փրկարարներն անմիջապես սկսել են մարդկանց տարհանումը։

Հրշեջները մանրակրկիտ զննել են փլատակները՝ համոզվելու, որ ներսում մարդ չի մնացել, իսկ ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել՝ պատճառները պարզելու համար։

Տուժածներից 6-ին տեղափոխել են Լոգրոնյոյի «Սան Պեդրո» հիվանդանոց, 2-ին՝ հարևան Հարո քաղաքի բժշկական կենտրոն, իսկ մյուսներին առաջին օգնություն են ցույց տվել տեղում։

Դեպքի վայրում աշխատել են Քաղաքացիական գվարդիայի 4 պարեկային խումբ, շտապօգնության 2 մեքենա (8 բուժաշխատողով) և հրշեջների մի քանի բրիգադ։ Որոնողական աշխատանքներն անվտանգ դարձնելու համար փրկարարները նախ ամրացրել են շենքի կանգուն մնացած հատվածները։