Գիտնականներն ուսումնասիրել են կենդանիների և բույսերի 101 տեսակ, որոնք կարող են ապրել առնվազն 250 տարի, և հայտնաբերել են մի քանի ընդհանուր մեխանիզմներ, որոնք կարող են բացատրել նրանց բացառիկ երկարակեցությունը։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ ռեկորդակիր օրգանիզմները չեն օգտագործում որևէ մեկ ունիվերսալ «երիտասարդության գաղտնիք»․ նրանք բջիջների առողջությունը պահպանում են միանգամից մի քանի եղանակով՝ ավելի լավ վերականգնում են ԴՆԹ-ն, դիմակայում են սթրեսին, պահպանում են վերականգնվելու կարողությունը և վերահսկում են բջիջների բաժանումը։
Ակնարկը հրապարակվել է Aging ամսագրում։ Դրա հեղինակներն են Կրետեում գտնվող Հելլադայի Հետազոտությունների և տեխնոլոգիաների հիմնադրամի (FORTH) Մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ինստիտուտի հետազոտողներ Ստեֆանիա Կապսեկին և Նեկտարիոս Տավերանակիսը, որը նաև աշխատում է Կրետեի համալսարանի բժշկական դպրոցում։
Գիտնականները համեմատել են բույսերի 90 և կենդանիների 11 տեսակների մոլեկուլային ու բջջային առանձնահատկությունները, որոնց կյանքի առավելագույն տևողությունը կազմում է առնվազն 250 տարի։ Դրանցից մի քանիսն ապրում են ընդամենը մի քանի դար, իսկ մյուսները կարող են գոյատևել հազարավոր կամ նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ։ Ոչ սովորական օրինակների թվում են Schmidtea mediterranea քաղցրահամ պլանարիան և Turritopsis dohrnii մեդուզան, որին համարում են պոտենցիալ անմահ՝ զարգացման ավելի վաղ փուլ վերադառնալու ունակության շնորհիվ։
Հետազոտողները պարզել են, որ բացառիկ երկարակյաց օրգանիզմների մոտ հաճախ ավելի լավ են գործում ԴՆԹ-ի պահպանման, բջիջները վնասումներից պաշտպանելու և ցողունային բջիջները պահպանելու համակարգերը։ Կարևոր դեր են խաղում նաև սպիտակուցների վերականգնման, օքսիդատիվ սթրեսի նկատմամբ դիմադրության և բջջային բաժանումը վերահսկելու հետ կապված մեխանիզմները։
Հատկապես խոսուն է վերականգնվելու կարողությունը։ Հիդրան կանոնավոր կերպով թարմացնում է բջիջները, իսկ Turritopsis dohrnii-ն կարող է վերադառնալ կենսական ցիկլի ավելի վաղ փուլին։ Պլանարիաների հատուկ ցողունային բջիջները՝ նեոբլաստները, կարող են վերածվել տարբեր տեսակի բջիջների՝ ապահովելով հյուսվածքների վերականգնման արտասովոր ունակություն։ Որոշ երկարակյաց բույսեր, այդ թվում՝ սովորական սոճին և երկբլթակ գինկգոն, նույնպես ավելի լավ են պահպանում բջիջների թարմացման ունակությունը՝ համեմատած ավելի կարճ կյանք ունեցող տեսակների հետ։
Միևնույն ժամանակ, հետազոտությունը կասկածի տակ է դնում ծերացման մեկ միասնական մեխանիզմի գաղափարը։ Տելոմերների երկարությունը, տելոմերազայի ակտիվությունը, նյութափոխանակության արագությունը և հակաօքսիդանտային պաշտպանության մակարդակը բոլոր դեպքերում չեն բացատրում կյանքի տևողությունը։ Հեղինակների կարծիքով, բացառիկ երկարակեցությունը ձևավորվում է մի քանի կենսաբանական ռազմավարությունների համակցությամբ։
Առանձին ուշադրություն գիտնականները դարձրել են քաղցկեղից պաշտպանությանը։ Չնայած երկար կյանքին և բջիջների ակտիվ թարմացմանը՝ մի շարք երկարակյաց տեսակների մոտ ուռուցքները հանդիպում են համեմատաբար հազվադեպ։ Օրինակ՝ պլանարիաները միաժամանակ ունեն վերականգնման բարձր ունակություն, ԴՆԹ-ի արդյունավետ վերականգնման մեխանիզմներ և բջջային բաժանման վերահսկման համակարգեր։
Հեղինակները նմանություններ են գտել նաև այն մեխանիզմների միջև, որոնք որոշում են նույն տեսակի տարբեր ներկայացուցիչների կյանքի տևողությունը, և այն մեխանիզմների միջև, որոնք երկարակյաց տեսակները տարբերում են կարճակյացներից։ Երկու դեպքում էլ կարևոր են ԴՆԹ-ի պահպանումը, ցողունային բջիջների հատկությունների պահպանումը և սթրեսի նկատմամբ կայունությունը։ Այդ պատճառով հետազոտողները ձևակերպում են ընդհանուր եզրակացություն․ «Երիտասարդ մնալը նշանակում է երկար ապրել»։
Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ այս մեխանիզմները դեռևս հնարավոր չէ ուղղակիորեն տեղափոխել մարդու վրա։ Բացի այդ, շատ երկարակյաց տեսակներ բավարար չափով ուսումնասիրված չեն, իսկ լաբորատոր փորձերը միշտ չէ, որ արտացոլում են բնության մեջ կյանքի պայմանները։
Այնուամենայնիվ, դարերով և հազարամյակներով ապրելու ունակ օրգանիզմների համեմատությունը կարող է օգնել բացահայտել այն կենսաբանական գործընթացները, որոնք ապագայում կդառնան առողջ ծերացման և կյանքի տևողության հետազոտությունների հեռանկարային ուղղություններ։




























