Իրաքյան Քուրդիստանում հնագետները հայտնաբերել են նեանդերթալացու մնացորդներ, որը մոտ 75 հազար տարի առաջ, ենթադրաբար, մահացել է սուր ծայրով փայտե նիզակի՝ կրծքին հասցված հարվածից։ Թիակի վրայի կլոր անցքը ցույց է տալիս, որ զենքը կարող էր ծակել կրծքավանդակը և վնասել կենսական կարևոր օրգանները։ Սա հին մարդկանց շրջանում դիտավորյալ սպանության հնարավոր հնագույն դեպքերից մեկն է, որը նկարագրված է Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտությունում։
Մնացորդները հայտնաբերվել են Շանիդարի քարանձավում, որտեղ հնագետները 2019 և 2022 թվականների պեղումների ընթացքում գտել էին թիակ, գրեթե ամբողջությամբ պահպանված աջ դաստակ, կողերի բեկորներ և յոթ ատամ։ Գիտնականներն այս նեանդերթալացուն անվանել են Շանիդար A։ Հետազոտողների գնահատմամբ՝ մահվան պահին նա մոտ 45 տարեկան է եղել։ Մարդու սեռը որոշել չի հաջողվել։

Թիակի կլոր անցքի տրամագիծը կազմում է մոտ 15 միլիմետր։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այն կարող էր թողնել սուր ծայրով փայտե նիզակը, որով հարվածել են մոտ տարածությունից, կամ նետվող զենքը։ Քարե ծայրը, հավանաբար, այլ ձևի անցք կթողներ։
Հետազոտողները չեն բացառում որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարը։ Սակայն վերքի տեղադրությունը և այն հասցնելուն անհրաժեշտ ուժը թույլ են տալիս ենթադրել, որ հարվածը դիտավորյալ է եղել։ Հետազոտության ղեկավար Էմմա Պոմերոյի խոսքով՝ վնասվածքի բնույթը հիշեցնում է մահացու հարված, որն ուղղված է եղել սրտի հատվածին։ Միևնույն ժամանակ, մահվան հանգամանքները ճշգրիտ պարզել առայժմ հնարավոր չէ։

Գտածոն հետաքրքիր է ոչ միայն հնարավոր բռնության վկայություններով։ Նեանդերթալացու ատամներից մեկը երկայնքով ճեղքված է եղել՝ հավանաբար դեմքին հասցված ուժեղ հարվածի հետևանքով։ Սակայն արմատի անցքի հատվածում ատամնաքարի կուտակումը ցույց է տալիս, որ վնասվածքը ստացվել էր մահվանից առնվազն մեկ տարի առաջ։ Սա նշանակում է, որ մարդը շարունակել է ապրել և սնվել լուրջ վնասվածքից հետո։
Պոմերոյի կարծիքով՝ նրան, հավանաբար, օգնել են խմբի մյուս անդամները։ Օրինակ՝ նրանք կարող էին պատրաստել փափուկ սնունդ, որն ավելի հեշտ էր ծամել։ «Այսպես ատամի ճեղքված վիճակին դիմանալը, հետո ապրել շարունակելն ու ուտելը առնվազն ևս մեկ կամ գուցեև ավելի երկար տարիներ՝ դժվար կլիներ առանց մյուս նեանդերթալացիների խնամքի և աջակցության»,- նշել է հետազոտողը։

Այս եզրակացությունները համապատասխանում են Շանիդարի քարանձավից ստացված մյուս գտածոներին։ Ավելի վաղ այնտեղ հայտնաբերվել էին նեանդերթալացու մնացորդներ, որը տառապել էր խլությամբ, ունեցել կաթվածահար ձեռք, և, հավանաբար, գլխի վնասվածքի պատճառով մասնակիորեն կորցրել էր տեսողությունը։ Չնայած ծանր խանգարումներին՝ նա ապրել էր մոտ 50–60 տարի։ Այլ հնագիտական բացահայտումները նույնպես ցույց են տալիս, որ նեանդերթալացիները կարող էին խնամել հիվանդ և վնասվածք ստացած ազգակիցներին։
Շանիդարի քարանձավը հայտնի է նաև որպես թաղումների վայր։ Այստեղ հայտնաբերվել են առնվազն հինգ նեանդերթալացիների՝ չորս մեծահասակի և մեկ նորածնի մնացորդներ։ Դրանք տեղադրված էին տարբեր ժամանակներում՝ ժայռի ելուստի հետևում գտնվող փոքր տարածքում, բայց, հավանաբար, մի քանի տարվա կամ տասնամյակի սահմաններում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ քարանձավի որոշակի հատվածը հատուկ նշանակություն է ունեցելխմբի համար, և որ նեանդերթալացիները բազմիցս վերադարձել են այնտեղ՝ մահացածներին հողին հանձնելու համար։
Ավելի վաղ քարանձավում հայտնաբերված ծաղկափոշու հետքերն առաջ էին բերել այն վարկածը, թե նեանդերթալացիները մահացածներին թաղում էին ծաղիկներով։ Սակայն ավելի ուշ հետազոտությունները կասկածի տակ դրեցին այս բացատրությունը․ ծաղկափոշին կարող էր թաղումների վայրում հայտնվել շատ ավելի ուշ՝ մեղուների շնորհիվ։
Գիտնականներն ընդգծել են, որ տասնյակ հազարավոր տարիներ անց պատահական վնասվածքը դիտավորյալ հարձակումից տարբերակելը չափազանց դժվար է։ Անհայտ է նաև, թե ով է Շանիդար A-ին հասցրել մահացու հարվածը՝ մեկ այլ նեանդերթալացի՞, թե՞ հին մարդկանց մեկ այլ խմբի ներկայացուցիչ։ Հետազոտողները ծրագրում են լրացուցիչ փորձարկումներ անցկացնել՝ որոշելու համար, թե ինչ ուժ է անհրաժեշտ նման վնասվածք պատճառելու համար։



























