Գերմանական Porsche ավտոարտադրողը պատրաստում է միջին շարժիչով մարզական մեքենա, որը կզբաղեցնի լեգենդար 911-ից բարձր դիրք և կունենա բենզինային կամ հիբրիդային ուժային համակարգ, գրել է Autocar-ը։

Նյու Յորքում ներկայացված Mission S կոնցեպտը ցուցադրում է բրենդի դիզայնի նոր ուղղությունը և նախանշում է սերիական մոդելը, որի մշակումն արդեն սկսվել է։

Porsche-ի ղեկավար Միխայել Լայթերսը հաստատել է, որ ընկերությունը նոր հարթակ է ստեղծում ապագա ավտոմեքենայի համար։ Ի տարբերություն էլեկտրական Mission X հիպերքարի, որից արտադրողը հրաժարվել էր թանկարժեք էլեկտրական մարզական մեքենաների անբավարար պահանջարկի պատճառով, Mission S-ը կողմնորոշված է ներքին այրման շարժիչների և հիբրիդային համակարգերի վրա։ Ամբողջությամբ էլեկտրական տարբերակ չի նախատեսվում։

Նոր մոդելը չի դառնա սահմանափակ թողարկմամբ ծայրահեղ սուպերմեքենա, որը կարելի է համադրել Porsche 918 Spyder-ի հետ։ Բնութագրերով այն պետք է զբաղեցնի միջանկյալ դիրք 911-ի և 918 Spyder-ի միջև։ Միևնույն ժամանակ, Porsche-ն մտադիր է ավտոմեքենան թողարկել սերիական, հավանաբար Ցուֆենհաուզենի գործարանում, որտեղ հավաքում են 911-ը։ Հետագայում մոդելը կարող է ունենալ նաև բացառիկ մոդիֆիկացիաներ։

Mission S-ի դիզայնը մշակվել է ընդամենը ութ ամսում՝ Porsche-ի նոր գլխավոր դիզայներ Թոբիաս Զյուլմանի ղեկավարությամբ, որը նախկինում աշխատել է McLaren-ում, Volkswagen-ում, Bugatti-ում, Aston Martin-ում և Bentley-ում։ Կոնցեպտի արտաքինում նկատվում են մրցարշավային Porsche 911 GT1-ի և Carrera GT սուպերմեքենայի գծերը, իսկ տանիքի գիծը հիշեցնում է 959 մոդելը։ Առջևի նեղ լուսարձակները, հետնամասի ագրեսիվ դիֆուզորը և հանովի հակաթևը համադրվում են անսովոր դետալների, օրինակ՝ խոշոր անվահեծերի հետ, որոնք արված են դասական Porsche 928-ի ոճով։

Սրահը ընդգծված «վարորդակենտրոն» է․ կենտրոնական սենսորային էկրանի փոխարեն նախատեսված են կառավարման ֆիզիկական օրգաններ, հինգ կլոր գործիք և անալոգային տախոմետր։ Դրանց դասավորությունը փոխվում է՝ կախված շարժման ընտրված ռեժիմից։ Սմարթֆոնը կարելի է ամրացնել դուրս եկող մագնիսական պահակալի վրա։

Սերիական ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերը դեռևս չեն բացահայտվում։ Porsche-ն դիտարկում է տարբեր շարժիչների տեղադրման հնարավորությունը, այդ թվում՝ V6, V8 և օպոզիտային ագրեգատներ։ Ֆլագմանական միջին շարժիչ ունեցող մարզական մեքենայի համար ամենահավանական թեկնածուն համարվում է V8-ը։ Շարժիչային հատվածի կափարիչի վրա գտնվող հովացման մեծ օդափոխիչը հղում է կատարում մրցարշավային Porsche 917-ին։

Mission S-ը արտացոլում է ընկերության ռազմավարության փոփոխությունը․ Porsche-ը կրկին շեշտը դնում է ներքին այրման շարժիչներով հզոր ավտոմեքենաների վրա՝ դրանք համալրելով հիբրիդային տարբերակներով։ Արտադրողն ակնկալում է, որ առաջիկա տարիներին նման մեքենաները հատկապես պահանջված կլինեն բարձր գնային սեգմենտում, որտեղ էլեկտրաքարշի անցումն ավելի դանդաղ է ընթանում։