Կտավների նախկին գող Օկտավ Դյուրեմը, որը 2002 թվականին Ամստերդամի թանգարանից հափշտակել էր Վինսենթ Վան Գոգի երկու ստեղծագործություն, այսօր օգնում է վերադարձնել գողացված արվեստի գործերը։ Լուվրի աղմկահարույց կողոպուտից մեկ տարի անց նա պատրաստ է իր փորձը փոխանցել ֆրանսիական թանգարանին, սակայն համոզված է՝ աշխարհի խոշորագույն գեղարվեստական թանգարանը դեռևս բազմաթիվ խոցելի կողմեր ունի։
«Ինչո՞ւ նրանք ինձ չեն դիմում, որ օգնեմ անվտանգության հարցում»,— CNN-ին տված հարցազրույցում տարակուսում է 53-ամյա հոլանդացին։
Դյուրեմն անվտանգության մասնագետ չէ, այլ նախկին հանցագործ, որն իրեն կոչում է «հոլանդացի Լյուպեն»՝ հանրահայտ ազնվաբարո գողի անունով։ Անցյալում նա թալանել է բանկեր, ինկասացիոն մեքենաներ ու բանկային պահատուփեր։ 2002-ին հանցակցի հետ ներխուժել է Վան Գոգի թանգարան և տարել երկու կտավ։ Հետագայում Դյուրեմը բռնվել է ու իր պատիժը կրել բանտում, իսկ նկարները հայտնաբերվել են քրեական հեղինակության մոտ, որին հասցրել էին վաճառել դրանք։
Այսօր նա հանցավոր աշխարհում ունեցած իր կապերն օգտագործում է գողացված գլուխգործոցները հայտնաբերելու և վերադարձնելու համար։ Դյուրեմը համագործակցում է հոլանդացի խուզարկու Արթուր Բրենդի հետ, որը հայտնի է որպես «արվեստի աշխարհի Ինդիանա Ջոնս»։
Բրենդի խոսքով՝ Դյուրեմն առանցքային դեր է խաղացել Վան Գոգի «Գարնանային պարտեզ» կտավը վերադարձնելու գործում, որը 2020-ին գողացել էին հոլանդական թանգարանից։ 2023 թվականին նկարը IKEA-ի կապույտ տոպրակով հանձնել էին խուզարկուին, ինչից հետո այն վերադարձվել էր իշխանություններին։
Դյուրեմը վստահեցնում է, որ իր օգնության դիմաց գումար չի վերցնում և դա անում է հաճույքի համար։ Միևնույն ժամանակ նա կտրականապես չի ընդունում «իրազեկիչ» (ինֆորմատոր) որակումը։
«Ես իրազեկիչ չեմ, այլ կապող օղակ։ Դրանց միջև մեծ տարբերություն կա. ես ոստիկանության հետ գործ չունեմ»,— ընդգծում է նա։
Լուվրի կողոպուտը ոգևորել է հանցագործներին
Անցած տարվա հոկտեմբերին Լուվրի հանդուգն կողոպուտից հետո, երբ գողերն օրը ցերեկով հափշտակեցին Նապոլեոնի դարաշրջանի թանկարժեք զարդերը, թանգարանների կողոպուտների մասին լուրերը սկսեցին մեկը մյուսի հետևից հայտնվել մամուլում։
Լուվրի դեպքից կարճ ժամանակ անց հանցագործները ֆրանսիական մեկ այլ թանգարանից տարան ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ ոսկե և արծաթե մետաղադրամներ։ Ավելի ուշ Ֆրանսիական Ռիվիերայում գտնվող Ռենուարի թանգարանից գողացան չորս կտավ, իսկ իտալական «Մանյանի-Ռոկկա» հիմնադրամից՝ Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները, որոնք, ի դեպ, հետագայում հաջողվեց գտնել։ Օգոստոսին էլ Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանից հափշտակվեց 4 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց։
Եվրոպական ոստիկանական գործակալությունն ահազանգում է՝ թանգարանային գողերը դառնում են գնալով ավելի հանդուգն ու ագրեսիվ։
«Ես շփվում եմ նախկին գողերի հետ, իսկ նրանք կապի մեջ են գործող հանցագործների հետ։ Ասում են՝ «Բա տեսա՞ր՝ Լուվրը թալանեցին, եկեք մենք էլ փորձենք»։ Մտածում են՝ եթե նման բան հնարավոր եղավ անգամ Լուվրում, ապա սովորական տեղական թանգարանում ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի»,— պատմում է Բրենդը։
Նրա խոսքով՝ բանկերն այժմ ավելի քիչ կանխիկ գումար են պահում, ոսկերչական խանութներն էլ խստացրել են անվտանգությունը, ուստի հանցագործները թիրախավորել են թանգարանները։
«Թանգարաններն անպաշտպան են։ Գողերի համար դրանք ասես քաղցրավենիքի խանութ լինեն, որտեղից ինչ ուզես՝ կարող ես վերցնել»,— ասում է խուզարկուն։
«Սա Ֆորտ Նոքսը չէ»
Թանգարանային անվտանգության փորձագետ Իբրահիմ Բալութը նկատում է, որ կողոպտիչները գնալով ավելի հաճախ են գործում «ջարդեցիր ցուցափեղկը, վերցրիր ու փախար» սկզբունքով։
«Վիեննայում, Ռենուարի թանգարանում և Լուվրում նրանք ներս են մտել ու գողոնով հեռացել երեք րոպեից էլ կարճ ժամանակում։ Նրանք մանրակրկիտ պատրաստվում են և գործում կայծակնային արագությամբ»,— բացատրում է մասնագետը։
Փորձագետի խոսքով՝ հանցագործներն օգտագործում են ծանր մուրճեր, կացիններ, լինգեր և մարտկոցային էլեկտրական գործիքներ, որոնցով հաշված վայրկյաններում ներս են թափանցում։ Հաճախ նրանք նախապես ուսումնասիրում են տարածքը, ընտրում ցուցանմուշներն ու հստակ մշակում փախուստի ուղիները։
Ինքը՝ Դյուրեմը, վերջերս այցելել է Լուվր և համոզվել, որ թանգարանը նախկինի պես լավ պաշտպանված չէ։ Անցյալ տարվա կողոպուտից հետո այն մուտքը, որտեղով ներս էին մտել գողերը, փակել են մետաղական ճաղավանդակով և տեսախցիկ տեղադրել։ Սակայն, ինչպես պնդում է նախկին գողը, մյուս պատուհաններին ձեռք չեն տվել։
«Այնտեղ ամենուր խոցելի տեղեր կան։ Ես պատուհանների վրա ճաքեր նկատեցի։ Ինչո՞ւ պետք է գողերը նորից նույն տեղն ընտրեն, երբ կողային բոլոր պատուհանները մնացել են նույն վիճակում»,— նշել է նա։
Բալութը կարծում է, որ միայն տեսախցիկներով հարց չի լուծվի. թանգարաններին անհրաժեշտ են վարժեցված անձնակազմ, ամուր ցուցափեղկեր, անխափան ազդանշանային համակարգ և արտակարգ իրավիճակների համար նախապես մշակված գործողությունների հստակ սցենար։
«Ես ժամանակ եմ վաճառում»,— ասում է փորձագետը թանգարաններին մատուցած իր խորհրդատվության մասին։ Նրա խոսքով՝ հանցագործներին կարող է կանգնեցնել միայն այն գիտակցումը, որ անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն ավելի արագ տեղ կհասնեն, քան իրենք կհասցնեն ավարտել գործը։
Ինչո՞ւ գողանալ կտավներ, որոնք հնարավոր չէ վաճառել
Բրենդի խոսքով՝ վերջին տասնամյակում հանցագործներն ավելի հաճախ նախընտրում են ոսկի, արծաթ ու ադամանդներ, քանի որ թանկարժեք մետաղները կարելի է հալեցնել, իսկ քարերը՝ նորից երեսակել՝ ջնջելով դրանց ծագման բոլոր հետքերը։
Այդուհանդերձ, գեղանկարները շարունակում են գայթակղել արագ հարստանալ երազող գողերին։
«Նրանք տեսնում են, որ Վան Գոգի կտավն արժե 50 միլիոն, և մտածում. «Ընդամենը չորս րոպեի գործ է, եկեք տանենք»։ Իսկ հետո սկսվում են իսկական գլխացավանքները»,— բացատրում է խուզարկուն։
Գողությունից անմիջապես հետո արվեստի գործը հայտնվում է միջազգային բազաներում, և գնորդ գտնելը դառնում է գրեթե անհնար։ Փոխարենը, հանցավոր աշխարհում գողացված կտավները երբեմն օգտագործվում են որպես գրավ կամ իրավապահների հետ սակարկելու խաղաքարտ։
Բրենդը նաև նկատում է, որ թանգարանների աշխատակիցները հաճախ հոգեբանորեն պատրաստ չեն լինում նման հարձակումների. նրանք արվեստին նվիրված մարդիկ են, և քրեական աշխարհն իրենց համար միանգամայն օտար ու հեռու իրականություն է։
Արվեստի դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության ասոցիացիայի ղեկավար Լինդա Ալբերտսոնը զգուշացնում է՝ տեսախցիկը կարող է արձանագրել գողությունը, բայց ոչ կանխել այն։ Լիարժեք պաշտպանության համար անհրաժեշտ են համալիր քայլեր և լուրջ ֆինանսավորում, որը միշտ չէ, որ հաջողվում է գտնել։
«Մենք չենք կարող անվերջ հայտարարել, թե մշակութային ժառանգությունն անգին է, բայց դրա պաշտպանությունը համարել երկրորդական ծախս»,— ընդգծում է նա։
Իսկ Դյուրեմը պատրաստ է անձամբ ցույց տալ Լուվրի ղեկավարությանը, թե որտեղ են թանգարանի պաշտպանության բացերը։
«Եթե ինձ խնդրեին, ես կապացուցեի, որ հիմա էլ կարող եմ ներս սողոսկել»,— հայտարարել է նախկին գողը։



























