Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի ամերիկյան Starshield ռազմական արբանյակային կապի համակարգին, որը մշակել է SpaceX ընկերությունը։ Վաշինգտոնը Կիևի հետ քննարկում է նման հասանելիություն տրամադրելու հնարավորությունը, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա մեկնաբանությունները հրապարակվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում և հնչել են C-SPAN-ի եթերում։
«Starlink-ը կոմերցիոն արտադրանք է, իսկ Starshield-ը՝ պաշտպանական, ռազմական արտադրանք։ Այն օգտագործում են ամերիկացի զինվորականները։ Այս պահին այն հասանելի չէ Ուկրաինային, և այդ հարցը քննարկվում է», — ասել է Ռուբիոն։
Ըստ նրա, Ուկրաինան Starshield-ին հասանելիություն էր խնդրել, որպեսզի կարողանա ավելի մեծ խորությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Այժմ կողմերը քննարկում են, թե ինչպես Կիևը կցանկանար օգտագործել այդ համակարգը։
Ռուբիոն նաև հերքել է այն պնդումները, թե Վաշինգտոնը միտումնավոր է սահմանափակել Starlink արբանյակային ինտերնետի աշխատանքն Ուկրաինայում։ Նա հայտարարել է, որ Սպիտակ տունը չի տվել կապի արագությունը նվազեցնելու հանձնարարականներ, և հավելել է, որ իր ունեցած տվյալներով, Starlink-ի աշխատանքն արդեն վերականգնվել է։ Միևնույն ժամանակ պետքարտուղարը ընդգծել է, որ Starlink-ն ու Starshield-ը տարբեր արտադրանքներ են։
Հայտարարությունը հնչել է արբանյակային կապի աշխատանքի խափանումների մասին հաղորդումների ֆոնին, որոնք անդրադարձել էին ուկրաինական ռազմական համակարգերի և անօդաչու սարքերի աշխատանքի վրա։ Associated Press-ի տվյալներով, տերմինալների բարձր արագությամբ շարժվելու դեպքում տվյալների փոխանցման սահմանափակում մտցնելուց հետո ուկրաինական կողմը բանակցություններ է սկսել SpaceX-ի և Պենտագոնի հետ՝ սահմանափակումները վերացնելու շուրջ։
Reuters գործակալությունը, հղում անելով ամերիկացի և արևմտյան պաշտոնյաների, հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականների կողմից Starshield-ի օգտագործումը սահմանափակելու կարգադրությունը եկել է Սպիտակ տնից։ Դոնալդ Թրամփը հերքել էր, որ ինքն այդպիսի հրաման է տվել։
Starlink-ը SpaceX-ի կոմերցիոն արբանյակային ինտերնետային ցանցն է, մինչդեռ Starshield-ը նախատեսված է պետական և պաշտպանական խնդիրների համար և օգտագործվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից։





























