Մարդու հուզական վիճակի վրա կատվի և տիրոջ փոխհարաբերությունների որակը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան պարզապես տանը կենդանի պահելու փաստը։ Նման եզրակացության են եկել Կիոտոյի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են կատուների և նրանց տերերի հորմոնալ ցուցանիշների կապը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience ամսագրում։
Գիտնականները նկատում են, որ կատվատերերից շատերն իրենց կենդանիներին համարում են հանգստության և բարձր տրամադրության աղբյուր։ Որոշ ուսումնասիրություններ հաստատում են, որ կենդանիների հետ շփումը դրական է անդրադառնում մարդու առողջության ու ինքնազգացողության վրա, մինչդեռ այլ աշխատանքներ հակասական տվյալներ են ներկայացնում։ Սա ճապոնացի մասնագետներին դրդել է պարզել, թե արդյոք այդ ազդեցությունը կախված է մարդու և կատվի հարաբերությունների բնույթից ու առօրյա շփումից։
Մասնագետները մեկ ամիս շարունակ հետևել են 29 կատվի և նրանց 19 տերերի։ Գիտնականները վերլուծել են մեզի նմուշներում առկա հորմոնները, հարցաթերթիկների միջոցով գնահատել տերերի տրամադրությունը և ուսումնասիրել կենդանիների վարքագիծը ծանոթ ու անծանոթ մարդկանց նկատմամբ։ Բացի այդ, կատուների վզկապներին ամրացվել են փոքրիկ Bluetooth տվիչներ, որոնք թույլ են տվել պարզել, թե օրվա ընթացքում կենդանիները որքան մոտ են գտնվում իրենց տերերին։
Վերլուծությունը կապ է ի հայտ բերել կատուների և նրանց տերերի օրգանիզմում օքսիտոցինի մակարդակի միջև. այս հորմոնը պատասխանատու է սոցիալական կապվածության ձևավորման համար, այդ թվում՝ ծնողների և երեխաների միջև։ Հետազոտողները պարզել են նաև, որ կատուների մոտ օքսիտոցինի բարձր մակարդակն ուղեկցվել է տերերի մոտ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի ավելի ցածր ցուցանիշով և բացասական հույզերի նվազմամբ։
Հատկանշական է, որ տերերի վատ տրամադրության հետ ավելի սերտորեն կապված է եղել հենց կատուների, այլ ոչ թե իրենց՝ մարդկանց օքսիտոցինի մակարդակը։
Միևնույն ժամանակ, տերերի դրական հույզերը պայմանավորված են եղել ոչ թե նրանով, թե որքան վաղուց է կատուն ապրում տանը, այլ նրանով, թե առօրյայում որքան մոտ են գտնվել մարդն ու կենդանին։ Այլ կերպ ասած՝ որոշիչ է եղել ոչ թե միասին անցկացրած տարիների քանակը, այլ անմիջական շփումն ու ֆիզիկական մտերմությունը։
«Կարծում եմ՝ կատու պահողներից շատերին է ծանոթ խաղաղության ու ջերմության այն զգացողությունը, երբ կենդանին փաղաքշանք փնտրելով բարձրանում է ծնկներին, իսկ շոյելիս սկսում է գոհունակ մռռալ»,— նշել է հետազոտության առաջատար հեղինակ Սահո Տակագին։
Նրա խոսքով՝ ստացված տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ այդ զգացողությունը մասամբ արտացոլվում է նաև մարդու և կենդանու հորմոնալ կապի մեջ՝ հատկապես օքսիտոցինի միջոցով։
Այս աշխատանքն օգնում է հասկանալ, թե ինչու էին մարդու առողջության վրա կատուների ազդեցության վերաբերյալ նախկին ուսումնասիրությունները հակասական արդյունքներ տալիս. էականը կարող է լինել ոչ թե բուն կենդանի պահելու փաստը, այլ նրա հետ ձևավորված հարաբերությունների բնույթը։




























