ԱՄՆ Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 10-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է NBC News-ը։

Զոհվածների թվում են վեցամյա տղա և 35-ամյա տղամարդ։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Stryker Sports Complex մարզահամալիրի տարածքում, հայտնել է տեղական ոստիկանությունը։

Բեռնատարի ղեկին եղել է Գարդեն-Սիթի քաղաքից 34-ամյա մի կին։ Նրան ձերբակալել են, սակայն քննիչները դեռ չեն պարզել՝ արդյոք վրաերթը եղել է կանխամտածված, թե ոչ։ Ուիչիտայի ոստիկանության կապիտան Աարոն Մոզեսի վկայությամբ, կինը համագործակցել է քննության հետ։

Երկու զոհերն էլ Մակֆերսոն քաղաքի բնակիչներ էին և միմյանց հետ ազգակցական կապ չունեին։

Տուժած 10 անձանց թվում են հինգ երեխա՝ հինգից ինը տարեկան, և հինգ մեծահասակ՝ 28-ից 68 տարեկան։ Մոզեսը տեղեկացրել է, որ վնասվածքները տատանվում են կապտուկներից մինչև ծայրահեղ ծանր, սակայն ոստիկանության հայտարարության պահին դրանք կյանքին վտանգ սպառնացող չէին համարվում։

Եվս մեկ՝ 61-ամյա կին, հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով, որոնք անմիջականորեն կապված չէին վնասվածքների հետ։

Տեղական ժամանակով մոտ 15:30-ին 911 ծառայությունը սկսել է զանգեր ստանալ։ Ականատեսները հայտնել են, որ մեքենան անցել է դաշտով, որտեղ ընթանում էր ֆուտբոլային խաղը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության, նահանգային ճանապարհային պարեկային ծառայության և շերիֆի ծառայության աշխատակիցները հայտնաբերել են զոհվածներին և տուժածներին։ Որոշ ականատեսներ մինչև արտակարգ ծառայությունների ժամանումը վիրավորներին առաջին օգնություն էին ցուցաբերում։

Պատահարի պահին վարորդը բեռնատարում էր՝ երկու երեխաների հետ միասին։ Ոստիկանության տվյալներով, նրա երեխաներից մեկը մասնակցում էր մարզահամալիրի տարածքում անցկացվող խաղին, սակայն մեկ այլ դաշտում։

Ուիչիտայի քաղաքապետ Լիլի Վուն ցավակցություն է հայտնել զոհվածների և տուժածների ընտանիքներին։ Կանզասի նահանգապետ Լորա Քելին հայտարարել է, որ հետևում է իրավիճակի զարգացմանը և քաղաքային իշխանություններին առաջարկել է նահանգի օգնությունը։

Միջադեպից հետո Stryker Sports Complex-ի տարածքում նախատեսված բոլոր միջոցառումները չեղարկվել են։ Կանզասի դպրոցական սպորտի ասոցիացիան նույնպես դադարեցրել է ֆուտբոլի նահանգային առաջնության ծրագրված մրցաշարը և մյուս մրցումները մինչև շաբաթավերջ։

Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը և ականատեսներին խնդրել է քննիչներին փոխանցել դեպքի տեսագրությունները։