Ամերիկյան Axios պարբերականը հաստատել է բրիտանական The Telegraph թերթի տեղեկությունն այն մասին, որ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է դանդաղեցնել ուկրաինացի զինվորականների կողմից օգտագործվող Starlink և Starshield արբանյակային համակարգերի աշխատանքը, ԱՄՆ առաջնորդը չի առարկել այդ գաղափարին։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հերքում է, որ նման քննարկում տեղի է ունեցել։

Axios-ի տվյալներով՝ քննարկմանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Թրամփը դեմ չի արտահայտվել Մասկի առաջարկին։ Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը The Telegraph-ի հրապարակումն ամբողջությամբ կեղծ է անվանել և հայտարարել, որ նախագահի վարչակազմը չի սահմանափակել Starlink-ի աշխատանքը։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից արբանյակային համակարգերի օգտագործման սահմանափակումները պահպանվում են՝ չնայած դրանց աշխատանքի վերականգնման մասին հաղորդումներին։ Նրա խոսքով՝ ստուգումը ցույց է տվել, որ Եվրամիության երկրներում կապը պահպանվել է մեքենայի 180 կմ/ժ արագությամբ շարժվելու դեպքում, մինչդեռ Ուկրաինայի տարածքում համակարգն անջատվել է 161 կմ/ժ արագության հասնելիս։ Զելենսկին կասկածի տակ է դրել SpaceX-ի բացատրությունը, ըստ որի՝ խնդիրը տեխնիկական բնույթ ունի։

Ուկրաինական իշխանությունները դեռ չեն պարզել, թե կոնկրետ ով է պատասխանատու սահմանափակումների համար։ Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ SpaceX-ի ներկայացուցիչները խոսում են տեխնիկական անսարքության մասին, մինչդեռ Կիևի մյուս շփումները ընկերությունում տեղի ունեցողը կապում են Սպիտակ տան հետ։ Ինքը՝ Մասկը, ավելի վաղ հայտարարել էր, որ Starshield-ը պատկանում է ԱՄՆ կառավարությանը, իսկ համակարգի արագության և օգտագործման սահմանափակումները որոշում են ամերիկացի զինվորականներն ու նախագահը։

Սահմանափակումները դժվարացնում են ուկրաինական որսիչ անօդաչուների կիրառումը ռուսական դրոնների, հետախուզական սարքերի դեմ, ինչպես նաև առաջնագծում գտնվող ստորաբաժանումների մատակարարումը։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ սահմանափակումներն ազդել են ինչպես կապի և պաշտպանական անօդաչուների կառավարման համար օգտագործվող Starlink-ի, այնպես էլ ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող Starshield-ի վրա։

Ուրբաթ ուկրաինական բանակցող Ռուստեմ Ումերովը իրավիճակը քննարկել է Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների հետ։

Զելենսկու խոսքով՝ նրանք նաև խոսել են հաջորդ շաբաթ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հնարավոր հանդիպման մասին՝ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկների քննարկումը շարունակելու համար։