Հազվագյուտ վարդագույն «Գրան Կոնդե» ադամանդը գրեթե 100 տարվա ընթացքում առաջին անգամ կցուցադրվի հանրությանը Ֆրանսիայում այն բանից հետո, երբ թանկարժեք քարը 1926 թվականի հոկտեմբերին գողացվել էր Շանտիյի ամրոցից։ Ինը կարատ քաշ ունեցող քարը կցուցադրվի Կոնդեի թանգարանում մինչև հունվարի 3-ը, հայտնել է BBC News-ը։

Ադամանդը գողացվել էր գիշերային կողոպուտի ժամանակ և թաքցվել էր միջուկը հանված խնձորի մեջ։ Մի քանի շաբաթ անց թանկարժեք քարը հայտնաբերվել էր այն հյուրանոցի սպասուհու շնորհիվ, որտեղ կանգ էին առել գողերը. քաղցած լինելով՝ նա կծել էր մրգից մի կտոր և պատահաբար գտել քարը։

Թանգարանի տնօրեն Մաթյո Դելդիկը հայտնել է, որ խնձորի մասին պատմությունը կարող է անհավանական թվալ, սակայն դրա մասին շատ էին գրել այն ժամանակվա թերթերը։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսի նախապատրաստումը ներառել է լայնածավալ գիտական հետազոտություն, որը թույլ է տվել պարզել ադամանդի եզակի բնութագրերը։ Ցուցադրությունը նաև կներկայացնի քարի պատմության և դրա գողության մասին նախկինում չհրապարակված արխիվային նյութեր։

Կազմակերպիչները հաշվի են առնում ռիսկերը՝ անցած տարվա ընթացքում եվրոպական մշակութային հաստատություններում տեղի ունեցած կողոպուտների շարքի ֆոնին, ներառյալ Փարիզի Լուվրից զարդերի համարձակ գողությունը։ Դելդիկը չի բացահայտել ադամանդի ապահովագրության գումարը։

«Գրան Կոնդեն» համարվում է սակավաթիվ արքայական թանկարժեք քարերից մեկը, որոնք պահպանվել են Ֆրանսիական հեղափոխությունից հետո։ Դրա ծագումը մինչ օրս մնում է առեղծված։ Ադամանդի մասին առաջին հայտնի հիշատակումը վերաբերում է 1740 թվականին. այն նշված էր Կոնդեի իշխան Լուի Անրի դը Բուրբոնի ունեցվածքի ցուցակում, որը կազմվել էր նրա մահից հետո։

Ավելի ուշ քարը հայտնվել էր Մարիա Ամալյա Բուրբոն-Սիցիլիացի թագուհու՝ Ֆրանսիայի թագավոր Լուի-Ֆիլիպ I-ի կնոջ հավաքածուում, ապա անցել էր նրանց որդուն՝ Օմալի հերցոգ Անրի Օռլեանցուն։ Նա իր հավաքածուն կտակել էր Ֆրանսիայի ինստիտուտին, որին այսօր պատկանում է Շանտիյի ամրոցը, որը գտնվում է Փարիզից մոտ 50 կիլոմետր հյուսիս։

Բնական ծագման վարդագույն ադամանդները չափազանց հազվադեպ են հանդիպում և աճուրդներում կարող են արժենալ տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Այդպիսի քարի ռեկորդային գինը կազմում է 71,2 միլիոն դոլար. հենց այդքան են վճարել վարդագույն ադամանդի համար 2017 թվականի աճուրդում։