Հաքերները կոտրել են Գերմանիայի Հայլբրոն քաղաքում գտնվող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության էլեկտրոնային փոստը և տարածել մոտ 6,5 հազար ֆիշինգային հաղորդագրություն, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, dpa գործակալությանը հայտնել է Հայլբրոնի ոստիկանության ներկայացուցիչը։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ նամակները ստացել են պետական գերատեսչությունների աշխատակիցներ, այլ հասցեատերեր։ Նրանցից շատերը զբաղեցնում են անվտանգության հետ կապված պաշտոններ։
«Մենք գիտենք, օրինակ, որ հաղորդագրություններ են ուղարկվել նաև կանցլերին», — հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նամակը, որը ստացել էին նաև dpa-ի խմբագրության աշխատակիցները, պարունակում էր հայտնի հյուրերի մասնակցությամբ միջոցառման հրավերի հղում։ Այժմ իրավապահ մարմինները տեղի ունեցածը դիտարկում են որպես ֆիշինգային հարձակում։
Ֆիշինգի դեպքում չարագործները փորձում են խաբեությամբ ստանալ գաղտնի տեղեկություններ, օրինակ՝ գաղտնաբառեր կամ բանկային տվյալներ։ Դրա համար նրանք ուղարկում են կեղծ հաղորդագրություններ՝ դրդելով ստացողներին անցնել հղումներով կամ տրամադրել անձնական տեղեկություններ։





























