Իսպանիայի խորհրդարանն ուրբաթ օրը մերժել է Պեդրո Սանչեսի կառավարության այն երկու որոշումները, որոնք պետք է մեղմեին բնակարանային ճգնաժամը։ Ըստ The Guardian-ի՝ քվեարկությունը տեղի է ունեցել վարձավճարների և բնակարանների թանկացման դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, որոնք վերջին շաբաթներին տարածվել են ողջ երկրով մեկ։

Առաջարկվող միջոցառումները նախատեսում էին, օրինակ, մինչև 2030 թվականը արգելել խոցելի վարձակալներին տնից վտարելը, կարգավորել կարճաժամկետ ու սենյակների վարձակալությունը, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներ մտցնել տանտերերի համար։ Կառավարությունը հույս ուներ այս կերպ արձագանքել հասարակության աճող դժգոհությանը։

Երկու որոշումներն էլ մերժվել են պահպանողական Ժողովրդական կուսակցության, ծայրահեղ աջ «Vox»-ի և կատալոնական «Junts» կուսակցության դեմ քվեարկելու պատճառով։ Ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ խնդիրը կարելի է լուծել առաջին հերթին նոր շենքեր կառուցելով, այլ ոչ թե պետական սահմանափակումներով։ «Որոշումների շնորհիվ բնակարաններն ավելի մատչելի չեն դառնում, դրանք մատչելի են դառնում, երբ ավելի շատ տներ են կառուցվում»,- նշել է պատգամավոր Խուան Բրավոն։

Այդ ընթացքում Մադրիդում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հարյուրավոր ցուցարարներ էին հավաքվել։ Նրանք վանկարկում էին «Ձեր շահույթը մեր տառապանքն է» և սուլոցներով ընդունեցին քվեարկության արդյունքները։ Բողոքողները խոստացել են շարունակել ակցիաները և կոչ են արել նոր ցույցեր անել ամբողջ երկրում։

Բողոքի այս ալիքը սկսվել էր այն բանից հետո, երբ 87-ամյա Մարիկարմեն Աբասկալին վտարել էին Մադրիդի իր բնակարանից, որտեղ նա ապրել էր մոտ 70 տարի։ Անվասայլակով տեղաշարժվող կինը չէր կարողացել վճարել վարձի 230% թանկացումը, ինչը պահանջել էր նրա բնակարանը գնած ներդրումային հիմնադրամը։ Ավելի ուշ նրան թույլ տվեցին վերադառնալ տուն՝ նախկին վարձավճարին մոտ պայմաններով։

Վերջին շաբաթներին Իսպանիայի քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել, իսկ Մադրիդի կենտրոնում մատչելի բնակարաններ պահանջողները վրանային ճամբար են հիմնել։ Պուերտա դել Սոլ հրապարակի տարածքում վրանների թիվն անցել է 1200-ից։

Բնակարանային հարցը մնում է Իսպանիայի բնակիչների գլխավոր խնդիրներից մեկը։ Ըստ The Guardian-ի տվյալների՝ վերջին տասը տարում երկրում վարձավճարներն աճել են 80%-ով, իսկ բնակարանների գները՝ 63%-ով։ Ընդ որում, երիտասարդների համար միջին վարձավճարն արդեն հասել է այնպիսի չափի, որը խլում է նրանց եկամտի զգալի մասը։