Ավստրալիայի Նյուքասլ քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Newcastle Knights» ռեգբիի թիմի երկրպագուներին, որոնք փողոց էին դուրս եկել Ազգային ռեգբիի լիգայի եզրափակիչից առաջ։ Տուժել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնում են Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները։

Տուժածներից երկուսը՝ 5-ամյա մի աղջնակ և 67-ամյա մի տղամարդ են, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը Սիդնեյից մոտ 110 կիլոմետր հյուսիս գտնվող Ուոլսենդ արվարձանում։ Երկրպագուները հավաքվել էին ճանապարհելու «Newcastle Knights»-ի խաղացողներին, որոնք մեկնում էին Սիդնեյ՝ կիրակի կայանալիք «Sydney Roosters»-ի դեմ եզրափակիչ հանդիպմանը։

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ոստիկանությունն արդեն պարզել է վարորդի ինքնությունը․ նա 18-ամյա երիտասարդ է։ Պատահարից հետո նրան ձերբակալել ու տեղափոխել են հիվանդանոց՝ պարտադիր բժշկական քննության։

Նյուքասլի քաղաքապետ Գևին Մորիսը ABC հեռուստաալիքին հայտնել է, որ վարորդը նույնպես թիմի երկրպագու է եղել և, ըստ ամենայնի, կորցրել է մեքենայի ղեկավարումը։ Նրա խոսքով՝ մինչ ամբոխի մեջ մտնելը վարորդը հուզված վիճակում տեղում ուժգին սեղմելիս է եղել գազի ոտնակը։

Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։ Նախնական ստուգմամբ ահաբեկչության որևէ հետք չի հայտնաբերվել։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը տեղի ունեցածը սարսափելի է անվանել՝ ընդգծելով, որ ռեգբին միավորում է մարդկանց, իսկ այս հանգստյան օրերը Նյուքասլի երկրպագուների համար պետք է ուրախության ու հպարտության պահեր դառնային։