ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) ուսումնասիություն է իրականացրել վառելիքի շուկայում, որի արդյունքում պարզել է, որ մասնավորապես, բենզինի շուկայում գործող 5 տնտեսվարողների կողմից 2009 թ. երկրորդ կիսամյակում իրացվել 135 357 635 լիտր բենզին: Շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող առաջին երեք տնտեսվարողներն են` Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշը»`42,62 տոկոս, «Սիթի Պետրոլ Գրուպը» ` 41,76 տոկոս, «Միկա Քորփորեյշնը»` 9,5 տոկոս իրացման ծավալներով:
Հանձնաժողովի որոշմամբ, «Ֆլեշը» մասնաբաժնի համապատասխան փոփոխությամբ շարունակում է մնալ գերիշխողների գրանցամատյանում, այնտեղ գրանցվել է նաեւ «Սիթի Պետրոլ Գրուպը»:
Ինչ վերաբերում է դիզելային վառելիքի շուկային, ապա այստեղ եւս Հանձնաժողովի 2006 թ. որոշմամբ «Ֆլեշ» ընկերությունը դիզելային վառելիքի շուկայում 38,8 տոկոս բաժնով համարվել է գերիշխող դիրք ունեցող: Հետագայում տեղի է ունեցել շուկայում զբաղեցրած մասնաբաժնի փոփոխություն` 51,4 տոկոս, գերիշխող դիրքը պահպանվել է:
2009 թ. երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրության համաձայն, շուկայում գործել է 7 տնտեսվարող սուբյեկտ: Դիզվառելիքի իրացման ծավալը կազմել է 81 833 629 լիտր: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք զբաղեցնում են շուկայի մեկ երրորդից ավելին, համապատասխան մասնաբաժիններով գրանցվել են գերիշխողների գրանցամատյանում. «Ֆլեշը» ` 47,3 տոկոս, «Սիթի Պետրոլ Գրուպը»` 40,8 տոկոս ծավալով:




























