Կիրակի օրը Ղրիմում կկայանա հանրաքվե, որում չկա տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են պահել Ղրիմի կարգավիճակը որպես Ուկրաինայի անփոփոխ մաս: Այդ մասին ասվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի բլոգային գրառման:
«Մարդիկ կարող են քվեարկել միայն Ռուսաստանին միանալու կամ դեֆակտո անկախության օգտին՝ վերադարձնելով 1992 թվականի չգործող սահմանադրությունը:
Ռուսաստանն օժանդակում է հանրաքվեին: Սակայն Մ7, ԵՄ, Անվտանգության Խորհուրդի մյուս անդամները եւ միջազգային հանրության մեծամասնությունը հստակ արտահայտել է, որ Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը մարտի 11-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կամ Ղրիմի ինքնավարությանը կամ անկախությանը վերաբերող ցանկացած հանրաքվե պետք է հիմնված լինի Ուկրաինայի սահմանադրության վրա եւ համապատասխանի միջազգային օրենքին:
Հանրաքվեի անցկացումը նույնպես ամբողջությամբ անօրինական կլինի: Արդյոք կարող է ազատ ու արդար համարվել մի հանրաքվե, որը կազմակերպվում է երկու շաբաթում, երբ փողոցներում կա զինված աշխարհազոր, որին հնարավոր չէ տարբերակել, երբ բռնանում են լրագրողների վրա եւ առգրավում նրանց սարքերը, երբ խոչնդոտում են միջազգային ներկայացուցիչների մուտքը Ղրիմ եւ երբ, չնայած ռուսական ժխտումներին, հստակ ապացույց կա, որ ռուսական զորքերը թողել են իրենց բազաները եւ զբաղեցրել Ղրիմի ենթակառուցվածքները՝ խախտելով Ուկրաինայի ինքինշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ մի շարք երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր:
Որպեսզի հանրաքվեն լինի արդար, կայուն եւ վերջնականապես լուծի, այլ ոչ թե հարուցի խնդիրներ, այն պետք է դառնա բանակցության ու քննարկման բաց ու ներառական գործընթացի վերջին հանգրվանը: Այն կարող է ծրագրվել միայն, երբ պարզ դառնա, որ բոլոր կողմերը պատրաստ են խաղաղ ընդունել դրա արդյունքը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Միացյալ Թագավորությունը պատրաստ Շոտլանդիայի անկախության համար հանրաքվեն անցկացնել այս տարի:
Այն բանից հետո, երբ 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմներ ավիրեցին Եվրոպան, միջազգային համաձայնագրերի ու կառույցների ցանց ստեղծվեց եւ 1991թ հետո ուժեղացվեց, որպեսզի այն օգնի մեզ խուսափել կրկնելու անցյալի ցավոտ հակամարտություններն ու խաղաղ ճանապարհով լուծել վեճերը: ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհուրդի նման կազմակերպությունները, որոնց ինտեգրված անդամ է Ռուսաստանը, գոյություն ունեն՝ օգնելու պետություններին բարձրացնել ինքնորոշման հարցեր եւ պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները:
Մենք շարունակում ենք հորդորել Ռուսաստանին օգտագործել այս կառույցները եւ լրջորեն ընդգրկվել ուկրաինական կառավարության հետ դիվանագիտական երկխոսության մեջ ու գտնել հարցի խաղաղ լուծում: Դեռ շատ ուշ չէ: Նախագահ Պուտինի համար առաջին կարեւոր քայլը կլինի ձեռնպահ մնալ ճանաչելուց կիրակի օրվա քվեարկության արդյունքը»:



























