Ղրիմը այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների համար հայրենի տուն կմնա, բայց այն երբեք բանդերական չի լինի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խորհրդարանականներին եւ ՌԴ մարզերի ղեկավարներին ուղղված ուղերձում:

«Ղրիմը մեր ընդհանուր ձեռքբերումն է, տարածաշրջանում կայունության կարեւորագույն գործոնը:  Այս ռազմավարական տարածքը պետք է ուժեղ, կայուն ինքնիշխանության տակ գտնվի, որը փաստացի այսօր միայն ռուսական կարող է լինել», - հայտարարել է Պուտինը:

Այլապես, նրա խոսքով, այդ տարածքը կարելի է ընդհանրապես կորցնել:

«Դիմում եմ եւ Ուկրաինային, եւ Ռուսաստանին, մենք՝ եւ ռուսները,  եւ ուկրաինացիները, կարող ենք ընդհանրապես կորցնել Ղրիմը, ընդ որում՝ պատմական ոչ հեռու հեռանկարում: Մտածեք այս մասին», - կոչ է արել Պուտինը:

Նա հիշեցրել է, որ Կիեւում արդեն հայտարարություններ հնչել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի շուտափույթ անդամակցության մասին: Դա նշանակում է, որ Սեւաստոպոլում կհայտնվեր ՆԱՏՕ-ի նավատորմը: 

«Որ սպառնալիք կառաջանար Ռուսաստանի ողջ հարավի համար, ոչ թե անցողիկ, այլ՝ միանգամայն հստակ, - ասել է նախագահը: - Դա իսկապես կարող էր տեղի ունենալ, եթե ղրիմցիների ընտրությունը չլիներ: Շնորհակալություն ձեզ դրա համար»:

Նշենք, որ մարտի 18-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել էր, որ «բացառապես Ուկրաինայի միասնականությունը պահպանելու համար՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց օրակարգում չկա. երկիրը պաշտպանելու է ուժեղ, արդիական ուկրաինական բանակը»: