ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեկնել է Թուրքիա` մասնակցելու Մրցակցության միջազգային ցանցի (ICN) Ստամբուլում կայանալիք 9-րդ տարեկան համաժողովին: Համաժողովը տեղի կունենա ապրիլի 27-30-ը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը։

ICN տարեկան համաժողովների նպատակն է հարթակ տրամադրել ողջ աշխարհում մրցակցության մարմինների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչներին` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեսակետների փոխանակման համար: Համաժողովի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ, կհնչեն զեկույցներ համակենտրոնացումների, հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ և այլն: Մրցակցության միջազգային ցանցի անդամ են աշխարհի առաջատար և զարգացող երկրների մրցակցային մարմինները:

Համաժողովի օրերին Ա. Շաբոյանը երկկողմ հանդիպումներ կունենա Գերմանիայի և այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ, քննարկումներ կունենա UNCTAD-ի, ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի փորձագետների հետ:

Համաժողովի լիագումար նիստերն, ի դեպ, ուղիղ հեռարձակմամբ ինտերնետում կլինեն հետևյալ հասցեով. http://www.rekabet.gov.tr/index.php?Lang=EN: