Թուրքիայի արտգործնախարարության ցինիկ հայտարարությունը ծաղրանք է ուղղված միջազգային հանրությանը։ Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Քեսաբի իրադարձություններին հայկական մամուլն արագ  արձագանքեց եւ մեծ աղմուկ բարձրացրեց, ինչը ստիպեց Թուրքիայի ԱԳՆ-ին հանդես գալ հայտարարությամբ։

«Քեսաբի հայերին Թուրքիա հրավիրելու Թուրքիայի ԱԳՆ-ի ցինիկ կոչը ծաղրանք է ուղղված միջազգային հանրությանը։ Դրանով Թուրքիան փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքին։ Սակայն արդեն ինտերնետում հայտնված տեսագրությունով ապացուցված է, որ Թուրքիայի աջակցությամբ են ահաբեկչական խմբավորումները Թուրքիայի տարածքից անարգել մտել հայաբնակ Քեսաբ։ Տեսագրության մեջ պարզ երեւում է, որ զինված անձիք անարգել անցնում են Թուրքիայի Յայլադաղի անցակետը եւ որեւէ աշխատակից չի փորձում նրանց միջամտել»,-նշեց Իսպիրյանը։

Իսպիրյանը շեշտեց, որ Քեսաբում տեղի ունեցածի հետ կապված կարեւոր էր Հայաստանի նախագահի ելույթը, իսկ հայաստանցի պատգամավորների այցը Սիրիա՝ բարոյական եւ հոգեբանական աջակցություն էր սիրիահայությանը։

Թուրքագետը հիշեցրեց Քեսաբի քաղաքապետի խոսքերը՝ ուշադրության հրավիրելով, որ Լաթաքիայում ապաստանաց քեսաբցիներն ունեն հագուստի եւ սննունդի խիստ կարիք։

«Թուրքական մամուլը եւս անդրադարձել է Երեւանում Քեսաբի իրադարձությունների հետ կապված ՄԱԿ-ի գրասենյակի առաջ Թուրքիայի դեմ կազմակերպված բողոքին»,-հավելելով, որ տարօրինակ է այս հարցում Արեւմուտքի լռությունը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am