Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա ներկաներին է ներկայացրել առաջին եռամսյակի տնտեսական արդյունքները՝ նշելով, որ արդյունքները լավն են, քանի որ գրանցվել է ՀՆԱ 5,5 տոկոսանոց աճ այն դեպքում, երբ կանխատեսվել է տարեկան 1,2 տոկոսի աճ:

Օրակարգը հաստատելուց հետո ՀԱՄՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախորդ նիստի արձանագրությունը եւ համաշխարհային տնտեսության զարգացման միտումները:

ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է 2010 թվականի փետրվարի 15-ից մայիսի 1-ը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությունը:

Քննարկման առարկա են դարձել նաեւ «Համահայկական ցանց» նախագծի հանձնաժողովի հանձնարարականները եւ գործողությունների ծրագիրը, «Համահայկական բանկի» վիճակի վերաբերյալ զեկույցը:

Խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել առողջապահության ոլորտի մի շարք նախագծեր, որոնց քննարկմանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարը: Խոսվել է Միջուկային բժշկության ծրագրերի իրականացման ընթացքի եւ հետագա քայլերի մասին:

Նիստում անդրադարձ է արվել «Տաթեւի վերածնունդ» ծրագրին: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հաջորդ նիստի վայրը եւ ժամանակը:

Երեկոյան վարչապետը եւ խորհրդի անդամներն ուղիղ տեսակապով միանալու են Հարվարդի համալսարան, որտեղ տեղի է ունենալու «Լույս» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը: Վարչապետը եւ հոգաբարձուների խորհրդի անդամները գիտաժողովի մասնակիցներին կդիմեն ողջույնի խոսքով: