Թեպետ Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ հավաստիացնում է, թե համաշխարհային ճգնաժամն իրենց կողքով է անցել եւ Ադրբեջանի տնտեսությունը կայուն է, այս երկրի շարքային քաղաքացիներն իրենց՝ երբեմն ողբերգական հետեւանքների հանգեցնող քայլերով հակառակն են ապացուցում։ Այսպես, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ տխրահռչակ Սումգայիթում, խողովակներ արտադրող մի գործարանի փականագործ Յունիս Աբդուլաեւը փորձել է ինքնասպանություն գործել։ Հատկանշական է, որ սա հիշյալ մարդու ինքնասպանության արդեն չորրորդ փորձն էր։

Նավթի հարուստ պաշարներ ունեցող Ադրբեջանը լուրջ դժվարությունների հանդիպեց նավթի համաշխարհային գների կտրուկ անկման, շինարարության ծավալների նվազման, արտարժութի ներհոսքի նվազման ու վերջապես իր մետաղագործական ու քիմիական արտադրանքի սպառման խնդիրների պատճառով։

Մինչ այդ, Ադրբեջանի ներքին համախառն արտադրանքի աճի տեմպերը 2003-2007թթ. 21տոկոսից այս տարի իջան 2,5-ի։

Կանխատեսումների համաձայն, 2009 թ-ին նավթի արդյունահանումը կնվազի մինչեւ 46-47 միլիոն տոննայի, նախկինում ենթադրվող 57 միլիոնի փոխարեն։

Ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի, այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում արդյունաբերական արտադրության ծավալները անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ նվազել են տաս անգամ ու հասել 1,3 տոկոսի։ Reuters գործակալությունը, վկայակոչելով հիշյալ վիճակագրական ծառայությանը, հայտնում է, որ արդյունաբերության անկումը հետեւանք էր նավթարդյունահանման, մետաղագործության եւ քիմիայի բնագավառների ակտիվության անկման։

Մեր հիշատակած «գլխից ձեռք քաշած» բանվորը բողոքել է, թե վերջին անգամ ինքը աշխատավարձ է ստացել մարտին, այն էլ՝ կեսը, եւ առդեն 4 անգամ աընդմեջ իր հաշվին արձակուրդի մեջ է։ Ձեռնարկությունը, որտեղ նա աշխատում է, արդեն շուջ 1300 մադ է կրճատել։

Ըստ որոշ լուրերի, երբեմնի արդյունաբերական խոշոր կենտրոն Սումգայիթը այսօր կաթվածահար վիճակում է։

Ադրբեջանցի քաղաքագետ, այդ երկրի նախագահի արտաքին քաղաքական հարցերի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն կարծում է, որ ճգնաժամի խորացումը Սումգայիթում սոցիալական բողոքի ալիք կարող է բարձրացնել։ Եւ եթե կառավարությունը վիճակի բարելավման կտրուկ քայլեր չանի, «դժվար կլինի կանգնեցնել մահակներով զինված սոված ու գազազած ամբոխը»։ Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում գործազուրկների թիվը 2008 թ-ին հասել է 54 հազարի, կամ աշխատունակ բնակչության թվի 6-7 տոկոսին։ Սակայն անկախ փորձագետների կարծիքով գործազրկության իրական մակարդակը շատ ավելի բարձր է պաշտոնական տվյալների համեմատ։